Aravot.am-ի փոխանցմամբ՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի և նրա չորս ընկերներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքների ենթարկելու գործով այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել տուժող էդգար Նիկոյանը:
Տուժող Արտակ Բայադյանը պարզվել է հերթապահության էր, Արկադի Աղաջանյանը արտերկրում, Գարիկ Սողոմոնյանն էլ հայտնի չէր, թե որտեղ է: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանը ձեռնպահ է մնում նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելուց և հերթական նիստի համար նրանց ուղարկելու են ծանուցագրեր:
Էդգար Նիկոյանը լրացուցիչ ցուցմունք է տվել, այնպես ինչպես լրացուցիչ ցուցմունքներ էին տվել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանն ու Արթուր Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ հենց ամբաստանյալների լրացուցիչ ցուցմունքները պատճառ դարձան, որպեսզի լրացուցիչ ցուցմունք տան և հարցաքննության կանչվեն նորից տուժողները:
Ամբաստանյալներից Գարիկ Մարգարյան անակնկալ հայտնել է, որ ինքը հարվածել է տուժող Արկադի Բայադյանին, ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն ասաց, որ ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին, իսկ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասաց, թե ինքն է հարվածել հանգուցյալ ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Նախաքննության մարմնի «Միասնական դիտավորության» հոդվածը հօդս ցնդեց, և անհատականացվեց գործողությունները: Տուժողներն էլ միասնական պնդում էին, որ բոլոր ամբաստանյալներն իրենց ծեծել են, բոլորը:
Այսօր տուժող, Վահե Ավետյանի բաջանաղ Էդգար Նիկոյանն ասաց, թե ինքը ծեծի է ենթարկվել տուժող Արկադի Աղաջանյանին պաշտպանելիս, որ իրեն «ամբաստանյալներն առանձնահատուկ ծեծի չեն ենթարկել», որ նրանց դեմքերը չի տեսել, նրանց չի հիշում, տեսել է միայն ձեռքերը:
Մանրամասները՝ aravot.am-ում