Մեր տեղեկություններով, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, այլ փոփոխությունների թվում, քննարկվում է նաեւ Սահմանադրության մեջ կոալիցիոն կառավարության ձեւավորման կարգ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կոալիցիա կազմելու առաջարկ սկզբում պետք է ներկայացնի ընտրություններում երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, եւ միայն նրա կողմից մերժում ստանալու դեպքում հնարավորություն ունենա կոալիցիա կազմել խորհրդարանում ավելի պակաս ներկայացվածություն ունեցող ուժերի հետ։ Այս փոփոխության իմաստն այն է, որ խորհրդարանում վերջին տեղը հայտնված կուսակցությունները չլինեն կառավարությունում, իսկ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը դուրս մնա իշխանությունից։
Իհարկե, երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը կարող է հրաժարվել մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը՝ նախընտրելով դառնալ ընդդիմություն, բայց Սահմանադրությունը պարտավորեցնում է առաջին տեղը գրաված քաղաքական ուժին՝ չանտեսել իրենից քիչ ձայն ստացած, բայց երկրորդ տեղը գրաված կուսակցությանը։ Եթե այս նորմը լիներ գործող Սահմանադրության մեջ, 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն պարտավորված կլիներ կոալիցիա կազմավորելու համար դիմել ԲՀԿ-ին, եւ նրա մերժումը ստանալուց հետո միայն կոալիցիա ստեղծել ՕԵԿ-ի հետ։ Չնայած ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր որակյալ մեծամասնություն, որի դեպքում կարող էր նաեւ կոալիցիա չձեւավորել»,– գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):