Կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի երեք նախագահները և ի՞նչ չափորոշիչներով տեղի կունենա հնարավոր հանդիպումը: Այս հարցերի պատասխաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց վերոնշյալ հանդիպման գաղափարի նախաձեռնող «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, ում տեղեկացմամբ` նախագահների հանդիպման ֆորմատը կարող է տարբեր լինել, այսինքն` հանդիպմանը հնարավոր է` ներկա լինեն նախագահներից միայն երկուսը: Նա նաև հայտնեց, որ հանդիպմանը հրավիրելու է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և գործող նախագահ Բակո Սահակյանին:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ գրավոր դիմումը` հանդիպում կազմակերպելու համար, ես ներկայացրել եմ` որպես ՀՀ շարքային քաղաքացի, ոչ թե որպես նրանց ընկեր կամ ժամանակին նրանց աշխատակից»,- տեղեկացրեց Իսագուլյանը` հավելելով, որ այդ հանդիպումը կարևոր է այնքանով, որ այն կընթանա առանց կողմերի կաշկանդվածության, քանի որ, նրա խոսքերով, եթե փողոցում հանդիպեն ՀԱԿ և ՀՀԿ ներկայացուցիչներ, չեն կարողանա հանգիստ զրուցել` ելնելով այն հանգամանքից, որ բոլորն իսկույն կսկսեն ենթադրություններ և մեկնաբանություններ անել:
«Քաղաքական վերնախավում` լինի ԱԺ, ԱԽ թե կառավարություն, լուրջ քննարկումներ չեն լինում, և ոչ մեկի համար պարզ չէ, թե որտեղ են ընդունվում կարևոր որոշումները. եթե նախագահն ասել է մի բան, դրանք ոչ ոք չի կարողանում հակադրվել: Եթե ցանականում եք, կարող եք այդ հանդիպմանը տալ Խորհրդարանական վեհաժողով անունը, ինչպես կուզեք: Ստեղծվելու է մարմին, որտեղ անկաշկանդ քննարկումներ են լինելու ազգային անվտանգությանն ու պետականությանը առնչվող հարցերի շուրջ: Հենց այստեղ կփորձենք հասկանալ, թե ինչն է պատճառը, որ 19 տարվա ընթացքում վերանում է այն հզոր պետականությունը, որը մենք ունեինք»,- իր խոսքում նշեց Իսագուլյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու է նա հենց հիմա որոշել բարձրացնել այդ հարցը, առավել ևս եթե երկար տարիներ աշխատել է բոլոր երեք նախագֆահների հետ, Իսագուլյանը պատասխանեց, որ նա միշտ էլ խոսել է, սակայն հիմա առկա է «սեպտեմբերի 3»-ը և այդ օրը արված հայտարարությունը` կապված Մաքսային միությանը միանալուն:
«Սեպտեմբերի 3-ին կատարված հայտարարությունը ցույց տվեց, որ մենք ընդունում ենք, որ միայնակ ի վիճակի չենք լուծելու մեր հարցերը, և մեզ պետք է Ռուսաստանի օժանդակությունը: Դա հանձնվելու պես բան էր: Ինչ վերաբերում է այն բանին, թե նախագահների ամբիցիաները հաշվի առնելով` հնարավոր է հանդիպումը, թե ոչ, ապա կասեմ, որ ամեն մեկն իր ժամանակին եղել է պետության գլխին և պատասխանատու է հասարակության առջև, իսկ եթե հրաժարվեն հանդիպելուց, ապա դա կնշանակի, որ ժամանակին եղել են ոչ թե պետության շահերով աշխատող, այլ սեփական շահերից ելնելով»,- հավելեց Իսագուլյանը:
Նա նաև հայտնեց, որ եղել են առաջարկներ նախագահի այլ թեկնածուներից և վարչապետերից ևս, սակայն ինքը մերժել է` պատճառաբանելով, որ հանդիպման նպատակն այլ է, և ֆորմատն էլ այլ պետք է լինի:
Լրագրողի այն դիտարկմանը, որ նամակի հանձնելուց օրեր առաջ Իսագուլյանը եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ինչու այդ ժամանակ չի ասել նամակի մասին, հնարավո՞ր է, որ հանդիպումն է ստիպել նման որոշում կայացնել կամ որևէ ազդեցություն ունեցե՞լ է Քոչարյանը, Իսագուլյանը պատասխանեց, որ իր որոշումը կապված է միայն սեպտեմբերի 3-ի հայտարարության հետ և գրավոր դիմելը նույնպես ունի իր բացատրությունը:
«Պատահական չէ, որ դիմումը գրավոր է եղել: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմելու նախագհին, ինչն էլ պարտավորեցնում է նամակն անպատասխան չթողնել: Եվ ես համոզված եմ, որ հանդիպում տեղի կունենա»,- վստահեցրեց Իսագուլյանը
Նա նաև դրական է համարում այն հանգամանքը, որ վերջապես կա պատճառ երեք նախագահների լուսանկարներն իրար մոտ դնելու: