Հոկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում մասնակցեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարին, որտեղ մեր հավաքականի մրցակիցներն էին Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականը տարավ մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: Մրցաշարի հետ կապված մանրամասների մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:
- Պարոն Խաշմանյան, քանի որ մրցաշարի հանդիպումներին հետևելու հնարավորություն Հայաստանում չի եղել, խոսենք հանդիպումների մասին առանձին-առանձին: Սկսենք Ռումինիայի հետ հանդիպումից:
-Ասեմ, որ Ռումինիան դեռ մրցաշարից առաջ համարվում էր ֆավորիտ: Նրանք ունեին ներքին առաջնությունում խաղացող շատ ուժեղ ֆուտբոլիստներ և լեգիոներներ, որոնք հանդես էին գալիս իտալական թիմերում՝ «Յուվենտուսում», «Ռոմայում» և այլն: Մենք խաղն սկսեցինք մի փոքր զգույշ, քանի որ մրցակցին չէինք ճանաչում և պետք է կողմնորոշվեինք խաղի ընթացքում: Խաղի սկզբում ստանդարտից, ընդ որում անդրադարձից, գոլ ընդունեցինք սեփական դարպասը: Դրանից հետո մենք սկսեցինք վերահսկել գնդակը, իսկ ռումինացիներն էլ անակնկալի էին եկել, որ մեր թիմը կարող է այդքան վստահ ու ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Առաջին խաղակեսի վերջում մեր ֆուտբոլիստները հիանալի կոմբինացիա խաղարկեցին: Բակալյանը կենտրոնից գնդակը ուղարկեց եզր, Գիզգիզյանը ոտքի դրսի մասով այն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Արտյոմ Սիմոնյանը մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում մենք նորից առավելություն ունեինք, խաղում էինք կարճ փոխանցումների մարտավարությամբ, որովհետև այդպիսի թիմերի դեմ այլ կերպ խաղալ ուղղակի հնարավոր չէ: Բայց ամենակարևորը, որ մենք չէինք զիջում նաև ուժային պայքարում: Երկրորդ խաղակեսում մենք ունեինք ռեալ գոլային պահեր: Հարմար դիրքերից վրիպեցին Վարդան Բակալյանն ու Արտյոմ Սիմոնյանը: Լավ պահեր ունեին նաև ռումինացիները: Կարծում եմ՝ ոչ-ոքին տրամաբանական արդյունք էր: Շատ կարևոր էր չպարտվել առաջին խաղում:
-Ի՞նչ կասեք Լեհաստանի հետ հանդիպման մասին:
-Լեհերի դեմ խաղում առաջին խաղակեսում շատ մեծ ճնշում կար մեր թիմի դարպասին, բայց ես զգուշացրել էի, որ պետք է դիմանալ առաջին 15-20 րոպեն: Լեհերը ակտիվ պրեսինգ էին կիրառում և երբեմն էլ դիմում ոչ այնքան մաքուր քայլերի: Ցավոք, ինչպես հաճախ լինում է այսպիսի դեպքերում, մրցավարների համակրանքը նույնպես տանտերերի կողմն էր: Եվ պատահական չէր, որ մենք հենց առաջին խաղակեսում ստացանք երեք դեղին քարտ, ընդ որում զգուշացվեցին հենց այն ֆուտբոլիստները, որոնք զգուշացվել էին առաջին հանդիպման ժամանակ: Մրցավարներն այդպիսով փորձում էին օգնել տանտերերին, բայց ինչպես ցույց տվեց մրցաշարի հետագա ընթացքը, ավելի շատ օգնեցին լիտվացիներին: Այդուհանդերձ, մենք կարողացանք դիմակայել առաջին խաղակեսում, իսկ երկրորդն արդեն ամբողջությամբ անցավ մեր առավելությամբ: 75-րդ րոպեին Սարգիս Շահինյանի գերազանց փոխանցումից հետո Վարդան Բակալյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ:
-Ի՞նչը չհերիքեց Լիտվայի դեմ մրցավեճում:
- Շատ կարևոր էր, որ խաղացողները երկու հաջող խաղերից հետո էյֆորիայի մեջ չընկնեին, հատկապես որ ինտերնետի մերօրյա հասանելիության պայմաններում նրանք կարող էին պարզապես «վառվել» հայկական մամուլում իրենց մասին հնչող գովեստի խոսքերից: Լեհաստանում էլ բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք լիտվացիներին և կվաստակենք 7 միավոր: Ամենաշատ զգուշացողը, երևի, ես էի, քանի որ գիտեմ՝ ինչ բան է ֆուտբոլը և մարզական բախտ կոչվածը: Բացի այդ Սարգիս Շահինյանը, Արմեն Մանուչարյանը և Ռոբերտ Դարբինյանը, որոնք պետք է բաց թողնեին հանդիպումը, մեր առանցքային խաղացողներն էին: Մենք ստիպված եղանք ենթահարձկվողի դիրքից ետ իջեցնել Արտյոմ Սիմոնյանին, նոմինալ հարձակվող Արամ Մուրադյանը խաղաց ենթահարձակվողի դիրքում, իսկ երբեք այդ դիրքում չխաղացած Կարեն Հարությունյանը խաղաց կենտրոնական պաշտպանի դիրքում: Այս ֆուտբոլիստները վատ չխաղացին, բայց, այդուհանդերձ, բացակա խաղացողների պակասը զգացնել տվեց: Շահինյանը թիմի ավագն էր և գրոհների հիմնական կազմակերպիչը, Մանուչարյանը, թերևս, մեր միակ ֆուտբոլիստը, ով կարողանում էր հաջողությամբ պայքարել երկրորդ հարկում: Բաղումյանը վատ չփոխարինեց Ռոբերտ Դարբինյանին, բայց, ի տարբերություն նրա, չէր կարողանում նույն արդյունավետությամբ մասնակցել գրոհներին: Մեր թիմն անսովոր դասավորությամբ մի փոքր անզգույշ գործեց առաջին 10 րոպեներին և գնդակ բաց թողեց: Դրանից հետո մենք ունեցանք բազմաթիվ պահեր: 2 անգամ Նարեկ Ասլանյանը, մեկական անգամ Կարեն Հարությունյանը և Վարդան Բակալյանն ունեցան 100-տոկոսանոց պահեր, բայց մարզական բախտն իրոք երես էր թեքել մեզնից: Ես այս ամենն ուղղակի չեմ ասում: Բոլոր տեսագրությունները կան, և մարդիկ կարող են համոզվել իմ խոսքերի իրավացիության մեջ:
-Ամփոփելով կարո՞ղ ենք ասել, որ Լիտվայից կրած պարտության պատճառը հենց այդ երեք առանցքային խաղացողների բացակայությունն էր:
- Դժվար է ասել, որ մենք հաստատ կհաղթեինք, եթե լինեին այդ խաղացողները, բայց այն, որ նրանց բացակայությունը մեծ կորուստ էր մեզ համար, ուղղակի անժխտելի է: Բացի այդ, նորից եմ կրկնում, մարզական բախտը այդ օրն ուղղակի երես էր թեքել մեզնից: Ֆուտբոլային մարդիկ գիտեն, որ լինում են այդպիսի օրեր, և երևի դա պարզապես մեր օրը չէր: Այդուհանդերձ, տղաները դաշտում ցուցադրեցին այն, ինչ կարող էին: Խաղից հետո ես մտա հանդերձարան, բոլորը նստած էին՝ գլուխները կախ, բայց ես իրենց բոլորին շնորհակալություն հայտնեցի՝ ողջ ուժերը ներդնելու համար:
- Ընդհանուր առմամբ, որպես մարզիչ, գո՞հ եք թիմի ելույթներից:
Հավաքականը 3 շատ կայուն խաղ անցկացրեց, ինչն ինձ ուրախացրեց՝ հատկապես հաշվի առնելով, որ այս հավաքականի հետ ես քիչ ժամանակ եմ ունեցել աշխատելու: Բայց ես միշտ շատ պահանջկոտ եմ, և ինձ համար շատ կարևոր է վերջնական արդյունքը: Ինձ չի բավարարում միայն այն, որ լավ ենք խաղացել: Մենք իրոք արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն, և սրանք պարզապես խոսքեր չեն: Այդուհանդերձ, եթե վերանանք վերջնական արդյունքից, պետք է ասել, որ ամեն ինչ ընդհանուր առմամբ դրական էր: Նախ, մենք գրեթե բոլորին գերազանցեցինք խաղով, կարճ ժամանակում մենք կարողացանք ստեղծել շատ միասնական, շատ կազմակերպված թիմ: Մրցաշարին հետևող բոլոր մասնագետները և ֆուտբոլաին գործակալները նշում էին, որ Հայաստանի հավաքականն արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն:
-Եվ վերջում խոսենք առավել աչքի ընկած խաղացողների մասին: Նրանց մեջ կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք կարող են մոտ ապագայում համալրել երիտասարդական, հետագայում՝ նաև ազգային հավաքականի շարքերը:
- Թող բարձրագոչ չհնչի, բայց այս թիմում բոլորն էլ կարող են լավ ապագա ունենալ անհրաժեշտ աշխատանքի դեպքում: Այդուհանդերձ, որքան էլ, որ մարզիչները չեն սիրում առանձնացնել որևէ մեկին, ես կնշեմ մի քանի անուն: Առաջին հերթին, Արտյոմ Սիմոնյանը: Շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ինտելեկտուալ, որը, վստահ եմ, կարող է մեծ ֆուտբոլ խաղալ: Մենք իրավունք չունենք կորցնելու այդպիսի ֆուտբոլիստների և արդեն այժմվանից պետք է մտածենք նրան հետագայում բարձր տարիքային հավաքականներ հրավիրելու մասին: Արտյոմը թե իր խաղային դիրքով, թե բնավորությամբ և տվյալներով նման է Հենրիխ Մխիթարյանին, և վստահ եմ՝ կարող է հասնել շատ մեծ հաջողությունների: Շատ մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է նաև Սարգիս Շահինյանը, ուղղակի ինձ համար անհասկանալի է նրա կարգավիճակը իր նոր ակումբում: Շահինյանը կարող է լավ խաղալ միայն այն դեպքում, երբ լինի իր լավագույն մարզավիճակում: Այն, որ նա շատ տաղանդավոր է, երևաց նույնիսկ այն հանգամանքից, որ, լինելով պատրաստ ընդամենը 50 տոկոսով, շատ մեծ օգուտ տվեց հավաքականին: Շատ լավ տվյալներ ունի նաև Դավիթ Գիզգիզյանը, որը նույնպես կարող է հետագայում լավ ֆուտբոլ խաղալ, իսկ, օրինակ, Անդրեյ Շահգելդյանը իսկական մարտիկ է: Նրա նման խաղացողներ պետք է լինեն յուրաքանչյուր թիմում, քանի որ նա պատրաստ է կատարել մարզչի ցանկացած առաջադրանք: Ինձ շատ ուրախացրեց այն, որ Վարդան Բակալյանը կարողանում էր թիմին տանել իր ետևից: Չնայած նա բաց թողեց մի քանի ռեալ գոլային հնարավորություններ, բայց, երևում է, որ բնավորությամբ տղա է, և նույնպես կարող է հասնել լավ արդյունքների:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					