Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստին, որը կայացել է հոկտեմբերի 19-ին, 34 հրավիրվածներից ներկա է եղել 30-ը:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզիչ Կարեն Ասմարյանը:
«Եղել են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքում չեն եղել կամ ներկա չեն եղել, բայց բոլորն էլ տեղյակ են եղել», - նշեց նա, հավելելով, որ այն մարդիկ, որոնք սրտացավ են այսօր վոլեյբոլի համար, բոլորն էլ ներկա են եղել:
Անդրադառնալով նիստի ժամանակ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանին ֆեդերացիայի նախագահ ընտրելու վարման կարգին, նա նշեց, որ որևէ այլ թեկնածու չի եղել, իսկ Բաղդասարյանի թեկնածությունն ընտրվել է միաձայն:
«Արթուր Բաղդասարյանը ցանկություն է հայտնել, որպեսզի գլխավորի մեր ֆեդերացիան, որը որ լավ կազմակերպչի ու ղեկավարի կերպար է և մենք միաձայան ընտրել ենք նրան, քանզի այդպիսի ղեկավար է պետք ֆեդերացիային, որպեսզի կարողանա կարգավորի ֆեդերացիայի աշխատանքը», - մեկնաբանեց նա, հավելելով, որ վստահ է, որ նա լինելու է լավ նախագահ և փոխելու է ստեղծված վատ մթնոլորտը:
Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի նախագահ ընտրվելու շուրջ աղմուկին և ՀԱՕԿ-ի դժգոհությանը, մեր զրուցակիցը նշեց, որ կոնֆերանսին հրավիրվածների ցուցակը հաստատվել է նիստի ժամանակ և վերջինիս խոսքերով, ներկա են եղել այն մարդիկ, ովքեր մտահոգ են վոլեյբոլի համար:
«Դժգոհության պատճառը չեմ կարող ասել որն է, որովհետև իրենց հետ հանդիպումներ չի կայացել, երևի այն պատճառն է եղել, որ իրենք ներկա չեն եղել ֆեդերացիայի նիստի ժամանակ», - եզրակացրեց նա:
YerevanNews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Վոլեյբոլի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը դեռևս ազատված չէ ֆեդերացիայի նախագահի իր պաշատոնից: Ի պատասխան մեր այս հարցի, Կարեն Ասմարյանը նշեց, որ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը հայտարարարել է իր հրաժարականի մասին: «2010թ. հոկտեմբերին էր ընտրվել ֆեդերացիայի նախագահ»,- տեղեկացրեց նա:
Իր խոսքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը բազմիցս նշեց, որ նորընտիր նախագահ Արթուր Բաղդասարյանը կարող է կարգավորել ֆեդերացիայի աշխատանքը և կլինի լավ ղեկավար: Իր խոսքը մեկնաբանելու համար YerevanNews.am-ը հարցրեց Կարեն Ասմարյանին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակն առաջացել է Սուրիկ Խաչատրյանի նախագահության ժամանակ, ինչին ի պատասխան նա նշեց.
«Ֆեդերացիայի ֆինանսավորումը պետության կողմից եղել է շատ քիչ և այն վիճակը, որ մենք ունենք ֆեդերացիայում ստեղծված, կարող է լուծվել Բաղդասարյանի օրոք», - նշեց նա:
Նշենք, որ YerevanNews.am-ը փորձեց կապվել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ` զանգահարելով ընդունարան, սակայն գործավարուհի հայտնեց, որ «պարոն Ռոստոմյանը մոտակա ժամանակաշրջանում չի կարող պատասխանել հեռախոսազանգերին» և խնդրեց զանգահարել մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ինբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսը, որին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Նշենք, որ Բաղդասարյանի թեկնածությանը կողմ է եղել նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ով էլ հանդես է եկել բացման խոսքով:
Հիշեցնենք նաև, որ այս ամենը դարձել է բուռն քննարկումների և վեճերի առարկա` մասնավերապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև, քանի որ ՀԱՕԿ նախագահը դեմ է վերջինիս նախագահ ընտրվելուն և ցանկանում է նորից ընտրություն կազմակերպել: