ԱԺ հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մեկ անգամ ևս անդրադարձավ Մաքսային միության կազմում ընդգրկվելու մասին:
ԱԺ պատգամավորն իր ելույթում նշեց, որ ինքը, որպես ՀՀ քաղաքացի Մաքսային միության անդամակցության հետ կապված ուներ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մինչև այժմ չի ստացել որևէ մեկից:
«Եթե մեր հարգարժան դեսպաները ժամանակ գտնեին և «Արի տուն» ծրագրի շրջանակներում լինեին Հայաստանում և պատասխանեին մեղադրանքներին, ապա այսօր չէր լինի իմ հարցադրումը: Սեպտեմբերի 3-ից հետո մեր որոշ գործընկերներ սկսեցին ցույց տալ իրենց ռուսամեդությունը և սկսեցին հնչեցնել նույնաբովանդակ հայտարարություններ, առ այն, որ ասոցացման պայմանագրում մեր սուվերեյնության կորստի վերաբերյալ դրույթներ կային, ԼՂՀ-ի վերաբերյալ վտանգավոր դրույթներ կային, հնչեցին հայտարարություններ, որ ազատ առևտրի համաձայնագիրը մեր համար շահեկան չի լինելու, որովհետև մեր ապրանքները դեռևս 10 տարի մրցունակ չեն լինելու միջազգային շուկայում»,-իր խոսքում նշեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց. «Ես չեմ կարող ասել նրանք և պարոն Սերգեյ Վլադեևը ճիշտ են, թե սխալ, որովհետև ես տեղյակ չեմ ասոցացման պայմանագրից, բայց ես որպես ՀՀ քաղաքացի մեկ հարց ունեմ, եթե այդպես է, ապա 4 տարի շարունակ ինչու էին ՀՀ-ի իշխանությունները խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով մենք կորցնելու էինք մեր սուվերեյնությունը և հարց է ծագում, եթե Ռուսաստնաը մեզ չհրավիրեր Մաքսային միություն և Բրյուսելում ամսի 29-ին ստորագրվեր այս պայմանագիրը, դա նշանակում է, որ մենք ուղղակիորեն ստորագրելու ենք մեր պետական արտաքին քաղաքականության դեմ փաստաթուղթ»:
ԱԺ պատգամավորը ԱԺ ամբիոնից հիշեցրեց, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները մինչև առայսօր չեն հնչում:
«Հիմա խնդիր է դրված ամսի 29-ին ինչ-որ մի թուղթ ստորագրել և…և-ի քաղաքականությունն ապացուցելու համար և կարևոր չէ, թե այնտեղ ինչ է գրված լինելու, թեկուզ գրված լինի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: Այդ թուղթը վստահաբար կստորագրվի, բայց այս հարցերի պաասխանները այդպես էլ չստացանք»: