Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` այսօր ավարտվում է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Սահմանված ժամկետում, թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկ Անուշավանի Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Սուրիկի Բարսեղյանը:
Ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Հովիկի Գասպարյանը մինչև գրանցման նիստը ներկայացրել է ինքնաբացարկի մասին դիմում:
Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Արարատի մարզի Նշավան համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Պապ Վանիկի Հակոբյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Մյասնիկ Գարուշի Հովհաննիսյանը:
ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական թեկնածուները կպայքարեն Արարատի քաղաքապետ դառնալու համար
