ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը համոզված է, որ  փետրվարի 18-ին ժողովուրդը տարել է հաղթանակ և դրա կապակցությամբ շնորհավորում է վերջիններիս:

«1-ին ընտրությունն է, որ Հայաստանը դուրս եկավ ընտրությունից ոչ թե թուլացած, այլ  հակառակը, մենք դուրս եկանք այս ընտրություններից ուժեղացած»,-այս մասին Հայկ Բաբուխանյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա վստահեցրեց, որ ընտրություններից առաջ գոյություն ունեցող այն միֆերը, թե ընտրությունները մրցակցային չեն, քաղաքական բոլոր ուժերը չեն մասնակցում, կա վախի մտնոլորտ բացարձակապես այդպես չէ և տեղի է ունեցել լրիվ հակառակը:

«Հաղթեց ազգային պահպանողական գաղափարախոսությունը  և դարձավ  մեր երկրի մոտակա 5 տարիների զարգացման ուղին»,- ընտրությունների արդյունքն այսպես բնորոշեց ՍԻՄ ղեկավարը:

Անդրադառնալով հետընտրական հանրահավաքներին  Հայկ Բաբուխանյանը ասաց, որ մի քանի հարյուր մարդ չեն որոշում, թե ընտրությունների արդյունքում ով է ընտրվել, այլ ԿԸՀ-ն է ներկայացնում ընտրությունների արդյունքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտնվել է «Քաջ Նազարի» դերում և կարծում է, որ այսօր նա «բազար» է անում պաշտոնի համար: