«Դա բացարձակ սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում, նման բան չկա: Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել եւ չի պատրաստվում ներկայացնել»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ով Աշոտ Գիզիրյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին խոսակցությունները որակեց հերյուրանք՝ ասելով. «Ես հերքում եմ, հրապարակեք, որ սուտ է այդ տեղեկությունը»:

«ԳԱԼԱ»-ի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված նման խոսակցությունները, ի՞նչն է հիմք տալիս նման ենթադրություններ ու հայտարարություններ անելու, որ Ա. Գիզիրյանը հրաժարական է ներկայացրել, Ս.

Պետրոսյանն ասաց. «Չգիտեմ, մի ինչ-որ անգլուխ մարդ նման բան է տարածում եւ այդպես լրատվամիջոցները վերցնում- հրապարակում են, նման բան գոյություն չունի»:

Հավելենք, որ արդեն մի քանի օր՝ Գյումրիում, բոլորը խոսում են այն մասին, որ Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ այդ հարցը քննարկվելու է կառավարությունում: Եվ որ պատճառը Շիրակի մարզում ՀՀԿ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունն է ՀՀ նախագահի ընտրություններում:  

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վերջին մի քանի օրերին բավականին նյարդային է: Նա հանդիպումներ է ունենում ՇՄ ՀՀԿ-ականների հետ եւ արդեն հասցրել է խիստ նկատողությունների արժանացնել Գյումրու քաղաքապետին, իր տեղակալներին եւ մյուսներին, ովքեր թերացել են աշխատանքում: Իսկ երեկ նա հավաքել է Շիրակի մարզի այն համայնքների ղեկավարներին, որտեղ Սերժ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել:

Հավելելնք, որ երեկ ՀՀԿ համագումարի ավարտից հետո ԱԺ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ այն մարզպետները, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ թերացել են, կհեռացվեն աշխատանքից: Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է. «Հնարավոր է ամեն ինչ: Բա մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք բոլորին»: Սակայն Հովիկ Աբրահամյանը անուններ չի տվել: