ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը պետական պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացումը տեղին է համարում:
Այս մասին ԱԺ պատգամավորն ասաց YerevanNews.am-ի հետ զրույցում նշելով.
«Բոլորի աշխատավարձը պետք է բարձրացվի, որովհետև կյանքը թանկացել է, մարդկանց դժվար է ապրել: Ինչ վերաբերվում է պատգամավորներին, ապա կարծում եմ, որ շատ պատգամավորներ կան, ովքեր այլ եկամուտներ չունեն, չունեն մասնավոր սեփականություն, որից ստանում են լրացուցիչ եկամուտներ և որոնց համար շատ կարևոր է աշխատավարձի բարձրացումը: Կարծում եմ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները պետք բարձր աշխատավարձ ստանան: Այստեղ առկա է նար կարգավիճակի հարց: Օրինակ հարց բարձրացվեց, որ պատգամավորի աշխատավարձը հավասարեցվում է փոխնախարարի աշխատավարձին: Ես համամիտ եմ, որ տարբերություն պետք է այդ առումով լինի»:
Նշենք, որ այս օրերին ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը՝: Համաձայն այդ նախագծի, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման աճին զուգընթաց, կբարձրանան նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք պետական պաշտոնյաններն իրենց աշխատանքով արժանի են աշխատավարձի բարձրացման, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց.
«Ես չէի ցանկանա աշխատանքին գնահատական տալ, բայց ով է ասել, որ ներկայիս նրանց վարձատրությունը բավարար է: Այստեղ դրված է ապրուստի խնդիր, որ մարդիկ պետք է նորմալ աշխատավարձ ստանան իրենց ապրուստը նորմալ կազմակերպելու համար: Թե ԱԺ պատգամավորի, թե նախարարի համար 250 հազար դրամի աշխատավարձը բավարար չէ: Չէի ցանկանա աշխատանքին գնահատական տալ. աշխատում ենք այնպես, ինչպես կարողանում ենք: Մեր բոլորի աշխատանքի մեջ կա, թե դրականը, թե բացասականը»:
ԱԺ պատգամավորը մեզ վստահեցրեց, որ պատրաստ է հրաժարվել իր ամբողջ աշխատավարձից՝ ուղղելով այն պետական բյուջե:
Նշենք, որ լուրեր են պտտվում, թե ԱԺ նախագահը պատգամավորներին հորդորելու է հրաժարվել բարձրացված աշխատավարձից:
«Ասեմ, որ իմ աշխատավարձը հիմնականում ուղղվում է իմ ընտրատարածքի տարբեր խնդիրների լուծման համար, կարող եմ ավելացված աշխատավարձն էլ ուղղել պետական բյուջե: Ես ավելի կողմնակից կլինեմ, եթե մենք պետական բյուջեի ծախսային մասն էլ ավելի օպտիմալացնենք, ավելի լավ վարձատրություն իրականացնենք, լավ մասնագետներ ներգրավենք, ավելի արդյունավետ աշխատենք: Դրան եմ կողմնակից և դրա համար պատրաստ եմ ոչ միայն ավելացված, այլ լրիվ աշխատավարձը տրամադրել բյուջեին` միայն թե ունենանք արդյունավետ կառավարում»,-իր խոսքում նշեց Գարեգին Նուշիկյանը: