ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մնալ իր ոճի մեջ, ավելի ճիշտ` գռեհիկ ոճի մեջ: Հիշեցնենք, որ դեռեւս ոչ վաղ անցյալում մեր կողմից ուղղված հարցին ի պատասխան պարոն Ջհանգիրյանը լրագրողիցս հետաքրքրվել էր, թե. «Կարող ա՞ հետս գաս տուալետ»: Բնականաբար անիմաստ էր միայն իր բնական կարիքների մասին մտածող, սանհանգույցում քաղաքական ապաստան գտնող պատգամավորից ակնկալել խելքին մոտ պատասխան: Սակայն համբերատար «Իրավունքը» այսօր կրկին փորձեց Գ. Ջհանգիրյանին մարդավարի վերաբերվել, բայց արի ու տես, որ կարմիր կովը իր կաշին չի փոխում: Այս անգամ Գագիկ Ջհանգիրյանը հարցից միայն ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անունները լսելուց, իրեն կորցրած հարձակվեց լրագրողիս վրա` հրմշտելով փորձելով դուրս հանել իր աշխատասենյակից: Դե, որ Զ. Փոստանջյանի անունը լսելիս շատերի նյարդերն են տեղիք տալիս բնական է, բայց որ նորին մեծություն, նախկին զինդատախազը, ոչ որպես զինդատախազ, եւ ոչ որպես պատգամավոր այդպես էլ ահնաս մնաց քաղաքակիրթ անձնավորություն լինելու հեռավոր երազանքից, պարզից էլ պարզ է: