Այս պահին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով հերթական դատական նիստը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից, շուրջ 50 րոպե ուշացմամբ դատարան ժամանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Հարությունյանի առ այն, որ վերջինս լրատվության միջոցով հրապարակայնորեն իր անձը զրպարտող փաստացի տվյալներ է հրատարակել: Նշենք, որ նախորդ դատական նիստը չշարունակվեց, քանի որ Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ ներկայացուցչին լիազորված անձը` Սուրիկ Խաչատրյանը: Ելնելով այս հանգամանքից` հնարավոր չէր պարզել առանց հայցվորի ներկայության և ահա այսօր դատարան պետք է ներկայանար Սուրեն Խաչատրյանը՝ իր ինքնությունը պարզելու համար:

Սյունիքի նախկին մարզպետը դատարանում գրավոր դիմում է գրել, որ Սուրեն Խաչատրյանը նույն ինքը Սուրիկ Խաչատրյանն է և դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը պետք է շտապ դուրս գա դատարանից, քանի որ անհետաձգելի և շտապ գործեր ունի անելու:

Այժմ նիստը շարունակվում է առանց նրա ներկայության:

Մանրամասները քիչ ավելի ուշ: