Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Սամվել Հարությունյանի դատական նիստը` դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ:

Սուրիկ Խաչատրյանը, դատարանի հանձնարարությամբ, գրավոր դիմում ներկայացրեց, ըստ որի այսուհետ իրեն պետք է դիմեն Սուրիկ Խաչատրյան` անձնագրում նշված Սուրեն Խաչատրյանի փոխարեն:

Այն պահին, երբ Սուրեն Խաչատրյանի ներկայացուցիչ Զիլֆուղարյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը լքի նիստերի դահլիճը, քանի որ շտապ գործեր ունի, դատարանը հաստատեց միջնորդությունը, և Սուրիկ Խաչատրյանը ազատեց նիստերի դահլիճը:

Նիստը շարունակվեց առանց հայցվորի: Գործն սկսվեց սկզբից: Հայցվոր կողմը ներկայացրեց գործի հիմքն ու շարժառիթները: Քաղաքացիական գործը հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջի մասին է: Գործը ներկայացվել է դատարան սույն թվականի օգոստոսի 14-ին, իսկ «Առավոտ» օրաթերթում վերոնշյալ հոդվածը տպագրվել է սույն թվականի հունիսի 16-ին:

Պատասխանող կողմի այն հարցին, թե ինչի հետ է կապված նյութի տպագրումից հետո այդքան երկար ժամանակ անց հայց ներկայացնելը, հայցվոր կողմը պատճառաբանեց, որ հայցվոր Սուրիկ Խաչատրյանն այդ ընթացքում սրտի վիրահատություն էր տարել, ինչի պատճառով վերջինիս հարազատները վիճակն ավելի չբարդացնելու համար նրան շուտ չէին հայտնել հոդվածի մասին:
Հայցի համաձայն` պատասխանող Սամվել Հարությունյանը պետք է հրապարակայնորեն հերքի իր հրապարակման նյութերը, և իհարկե դրամական տուգանքը:

Հայցվոր կողմը նաև դատարանին միջնորդություն ներկայացրեց` դատարան հրավիրել ըստ հոդվածի Սուրիկ Խաչատրյանի կողմից տուժողներ Արևիկ Միրզոյանին և Անուշավան Առուշանյան, որպեսզի նրանք վկայություն տան դատարանին, ապացուցելու համար ` արդյոք տուժել են Սուրիկ Խաչատրյանի անօրինականություններից:
Արևիկ Միրզոյանին, հոդվածի տվյալներով, Սուրիկ Խաչատրյանը հրազենային վնասվածք էր հասցրել և սպանել իր իսկ դեռ չծնված երեխային: Հրազենային վնասվածք էր հասցվել նաև Անուշավան Առուշանյանին:

Հայցվոր կողմը պահանջեց նաև հերքել այն ինֆորմացիան, թե Սուրիկ Խաչատրյանը բանդա ունի, և իր բանդան կրակոցներ է հնչեցրել Գորիսի հիվանդանոցներից մեկում, որտեղ պառկած է եղել արդեն վիրավոր Արևիկ Միրզոյանը:

Դատական նիստը հետաձգվեց` այն պատճառաբանությամբ, որ կողմերը գրավոր ներկայացնեն դատարանին իրենց ապացույցների շարժառիթները: Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 19-ին:

Տեսանյութը՝ YerevanNews.am-ի