Արտագաղթի, սոցիալ-տնտեսական նման ծանր պայմաններում ներկայացնել նախագիծ, որը միտված է բարձրաստիճան պաշտոնյաների մի խմբի աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը, բարոյական չէ։ Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Այս օրինագիծը ներկայացվում է, երբ ունենք արտագաղթի մեծ ցուցանիշ, սոցիալապես անապահով մեծ շերտեր, սահմանամերձ գյուղերում մարդիկ օրվա հացի գումար չունեն, այս պարագայում գնալ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը, սա ուղղակի անթույլատրելի է։ Տպավորություն է, թե իշխանական էլիտան ադեկվատությունը կորցրել է, չի տիրապետում, թե ինչ է կատարվում այս երկրում»,- ասաց պատգամավորը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն դեմ է այդ նախագծին, եւ պետք չէ մանկական թեզեր դնել շրջանառության մեջ, թե մենք ոչ թե պետք է ձուկ տանք քաղաքացուն, այլ կարթ, որ ձուկը բռնի։
«Չկան աշխատատեղեր եւ այդ ֆոնին դու քաղաքացուն զրկում ես 18000 դրամից եւ բարձրացնում ես քաղաքական էլիտայի աշխատավարձը, մենք չենք կարող նայել մեր քաղաքացիների աչքերին, եւ դա պոպուլիզմ չէ», - նշեց նա, հավելելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը այս փուլում չպետք է բարձրանան, այլ այդ գումարները ուղղեն ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացման։
«Երբ չկա աշխատատեղ, ՀՀ քաղաքացին չունի աշխատելու հնարավորություն, սա արդեն բացահայտ պոպուլիզմ է եւ դեմագոգիա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։


