YerevanNews.am-ն արդեն երկար ժամանակ փորձում է կապ հաստատել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց վերջինս համառորեն չէր պատասխանում մեր` արդեն սովորական դարձած հեռախոսազանգերին: Սակայն…. Սուրիկ Խաչատրյանն, այնուամենայնիվ, արժանացրեց մեզ մեծ պատվի և որոշեց անել այդ` իր համար ոչ այնքան հաճելի քայլը:
YerevanNews.am-ը փորձեց ճշտել Խաչատրյանից, թե ինչու նա հայց ներկայացրեց Սամվել Հարությունյանի դեմ` միայն վերջինիս երկու հրապարակումների դեմ` դիտարկելով դրանք որպես զրպարտություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարությունյանը հրապարակել էր լրատվության միջոցով 50 փաստեր, որոնք խոսում էին Սուրիկ Խաչատրյանի հանցավոր կյանքի մասին:
Սակայն Սյունիքի նախկին մարզպետը, չցանկանալով լսել մեր հարցը մինչև վերջ, հայտնեց, որ ինքը շատ զբաղված է և, նույնիսկ իր խոսքը մինչև վերջ չարտաբերած, «քաղաքակիրթ ձևով» անջատեց լսափողը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ առ այն, որ վերջինս լրատվության միջոցով հրապարակումներ է արել, որոնցում ներկայացվում են Սուրիկ Խաչատրյանին վարկաբեկող փաստեր: Վերջինս պահանջել է դատարանից բավարարել իր հայցը, տուգանել Սամվել Հարությունյանին 1 մլն 500 հազար դրամով և պահանջել, որ վերջինս հրապարակայնորեն հերքի իր գրած հոդվածները:


