Քաղաքային տարնսպորտի ուղեվարձի սակագնի վերաբերյալ քննարկումների ոլորտում այսօր նոր բացահայտում է արել Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նա հայտարարել է, որ իրենց հաշվարկներով, տրանսպորտի սակագինը ոչ թե 150, այլ 200-250 դրամ է կազմել (ավտոբուսների համար 250, միկրոավտոբուսների համար՝ 200 դրամ): Այս գինն էլ, ի դեպ իրենք առաջարկել են քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը-այս մասին գրում է Փաստինֆոն:

Այստեղ, սակայն, պարզվում է, գթացել են ուղեևորներին, կամ, ինչպես Հրանտ Եղիազարյանն է ասում, իրենց ասել են, որ ժողովրդի վիճակը ծանր է, և որոշել են առայժմ դարձնել 150 դրամ: Ի դեպ, Հրանտ Եղիազարյանի սենսացիոն հայտարարություններն այսքանով չեն ավարտվում:

Նա նաև նշել է, թե քաղաքապետարանում իրենց խոստացել են, որ կառավարության համապատասխան որոշում է ակնկալվում, որի համաձայն, տրանպորտի ոլորտին նաև 50 դրամ դոտացիա կտրամադրվի: Փոխարենը, մեկ այլ հաշվարկի հեղինակ՝տնտեսագետ Դավիթ Գևորգյանը սեփական հաշվարկն է արել և դրա հիման վրա պնդում է, որ ուղեվարձը ներկա դրությամբ չի գերազանցում 70-75 դրամը: Նման սակագին է ստացվել ավտոմեքենաների շահագործման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը և ուղևորների քանակը հաշվարկելիս: