ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, այդ թվում' ԼՂՀ հայերի և Թալիշստանի թալիշների համար բարենպաստ իրավիճակ ստեղծվեց' օգտվելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնորոշման իրավունքից: Թալիշները 1993թ.-ին մեկ անգամ փորձեցին կերտել իրենց անկախությունը, սակայն Ադրբեջանի իշխանությունները կարճ ժամանակում ոչնչացրին նորաստեղծ պետությունը:

Ի տարբերություն թալիշների, հայերին հաջողվեց ձևավորել Արցախյան շարժումը, որի տրամաբանական ավարտն էլ եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը: Իհարկե, անկախությունը հեշտ չտրվեց արցախահայությանը, ավելի ճիշտ արցախահայությունն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում հաղթանակ տանելով, և մեկ անգամ աշխարհին ապացուցելով, որ Ադրբեջանի կազմում ապրելն ուղղակիորեն սպառնում է արցախահայերի անվտանգությանը: Հիշենք Սումգայիթի, Մարաղայի կոտորածները, Գուրգեն Մարգարյանի սպանությունը և այլն:

Իսկ ի՞նչ վիճակում են ապրում թալիշներն Ադրբեջանում, կարողանու՞մ են արդյոք օգտվել իրենց տարրական իրավունքներից...

Ինչպես Երևան կատարած այցի ժամանակ հայտարարեց Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ, թալիշների ազգային շարժման առաջնորդ Ալի Աքրամ Հումմաթովը' «Թալիշերն ուզում են գրել, կարդալ իրենց մայրենի լեզվով, սակայն ի պատասխան իրենց պահանջներին, Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են, բացահայտ հայտարարում են, որ թալիշներն ապագա չունեն, նրանք պետք է ձուլվեն»:
Թալիշների խնդիրների վերաբերյալ, գրեթե, նույնաբովանդակ ահազանգ էր հնչեցրել նաև թալիշ հայտնի գրող, մտավորական Ալլահվերդի Բայրամին: Վերջինս Իրանի թալիշական ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով թալիշների խնդիրներին, նշել էր, որ Ադրբեջանի ոչ դեմոկրատական երկիր լինելը թալիշներին թույլ չի տալիս բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Թալիշ մտավորականի խոսքով, եթե թալիշները խոսեն իրենց իրավունքների մասին, ապա իշխանությունները, նրանց ձերբակալելով կամ սպանելով, վախի այնպիսի մթնոլորտ կստեղծեն, որպեսզի մնացածները ևս իրենց ձայնը կտրեն: Ադրբեջանի անվտանգության ուժերը թալիշների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականացնում:

Ավելի վաղ Թալիշ-Մուղանյան Հանրապետության Ազգային Մեջլիսի խոսնակ Ֆահրադին Աբոսզոդան մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը պատճառ է դարձել, որ մեծ թվով թալիշ երիտասարդներ գաղթեն տարբեր երկրներ:
Շուրջ երկու տասնամյակ առաջ, գրեթե, նույն կարգավիճակում էր գտնվում նաև Արցախի հայությունը: Դեռևս Խորհրդային Միության տարիներին, երբ քարոզվում էր «ժողովուրդների եղբայրության» կարգախոսը, ամեն կերպ փորձում էին սահմանափակել արցախցիների իրավունքները: Իսկ երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի հայերը, ինչպես մյուս ժողովուրդները, փորձեց ձեռք բերել իր անկախությունն ու ամրագրել ինքնորոշման իրավունքը, ենթարկվեցին Ադրբեջանի ռազմական հարձակմանը: Լեռնային Ղարաբաղի հայերը այլ ճանապարհ չունեին, քան կռվել իրենց անկախության, տեսակի պահպանման համար, հակառակ պարագայում արցախցիներին նույն ճակատագիրն էր սպասում, ինչ' Նախիջևանի հայերին, կամ էլ ապագայում' Թալիշստանի բնիկ ժողովուրդ թալիշներին:
Չխորանալով պատմական իրադարձությունների մեջ' փորձենք համեմատականներ անցկացնել արցախահայերի և թալիշների հնարավորությունների միջև:

Ի՞նչ հնարավություններ ունեին հայերն անկախացման ճանապարհին, ներկայումս ի՞նչ հնարավորություններ ունեն թալիշներն ազգային շարժում ձևավորելու, միջազգային համամարդակային իրավունքներից օգտվելու, սեփական լեզվով խոսելու, ազգային պատմություն ու մշակույթ կերտելու, անկախություն հռչակելու ու աշխարհում որպես թալիշ' որպես ուրույն ազգ հանդես գալու գործերում:

Եթե Ղարաբաղյան շարժման ժամանակ արցախահայությանը ֆինանսական, բարոյահոգեբանական և ռազմական առումով վայելում էր Հայաստանի և Սփյուռքի լիակատար աջակցությունը, ապա Ադրբեջանի թալիշները կարող են ակնկալել թալիշական սփյուռքի ու միջազգային հանրության օգնությունը, ինչն ավելի ազդեցիկ է, քան հայկական Սփյուռքը:

Ի.Ալիևի բռնատիրական, ոչ-ժողովրդավար երկրում բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարման, երկրում կլանային համակարգ ստեղծելու, ընդերքի հարստությունը միայն իր իշխանության պահպանման համար օգտագործելու քաղաքականության պատճառով ԱՄՆ-ն ու Եվրոպան սկսել են քննադատաբար մոտենալ Ադրբեջանի նախագահի հանդեպ: Այդ գործընթացը բերելու է արտաքին աշխարհից Ի.Ալիևի' որպես Ադրբեջանի ղեկավարի աստիճանական մեկուսացման, իսկ միջազգային կառույցների ճնշումներն ահագնալու են երկրի բնիկ ժողովուրդների իրավունքները ոտնահարելու ու ազգաբնակչությանը համամարդկային արժեքներից զրկելու համար:

Դրա ապացույցը կարելի է համարել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները' էթնիկ խմբերին տրվող նոր իրավունքների առումով: Այսինքն տարածաշրջանային երկրներում սկսվել են խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների շրջանակներում բնիկ էթնիկ խմբերի իրավունքների վերականգման գործընթացներ' միջազգային հանրության ու կառույցների աջակցությամբ: Նշված գործընթացներից դուրս չի կարող մնալ նաև Ադրբեջանն ու երկրի էթնիկ խմբերը' լեզգիները, ավարները, թաթերը, թալիշներն ու այլն, ինչը պետք է գիտակցեն նրանք:

Ադրբեջանական Թալիշստանում բնակչության թվաքանակի առումով թալիշներն ավելի շահեկան դիրքում են գտնվում' տարբեր աղբյուրների համաձայն շուրջ 1 միլիոն թալիշ համախմբված ապրում է Ադրբեջանում, ինչը մի քանի անգամ գերազանցում է ԼՂՀ բնակչությանն ու մարդկային հնարավորությունները:

Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին արցախահայության թիվն ավելի քիչ էր ու զրկված էր միջազգային հանրության ու կառույցների աջակցությունից, Հայաստանը դեռ չէր անկախացել, տարածաշրջանը գտնվում էր քաոսային իրավիճակում, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան այդքան էլ հետաքրքրված չէին տարածաշրջանի խնդիրներով, ուստի արցախահայությանը մնում էր իր խնդիրները լուծել սեփական ուժերով:

Տարածաշրջանային գործընթացների ընդհանուր բովանդակության շրջանակներում Թալիշստանի ու թալիշների համար ներկայումս ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ ու Արևմուտքի աջակցությամբ, միջազգային իրավունքով տրվում է հնարավորություններ' համաշխարհային իրավահավասար ընտանիքում արժանավայել ապրելու հարցում:

Թալիշստանի ու թալիշների համար առավելություն կարելի է համարել այն, որ այդ նախադրյալները թույլ են տալիս չճանաչված ժողովուրդներին ու ազգություններին իրենց նպատակներին հասնել ազգային լեզուն զարգացնելու, մշակույթն ու ավանդույթները պահապանելու, համախմբվելու ու դրա համար երկրում և միջազգային ատյաններում քաղաքական պայքար սկսելու միջոցով:

Կրկին մեջ բերելով Ա.Հումմաթովի խոսքերը' «Մեր երիտասարների մոտ արդեն ինքնագիտակցություն կա, մեզ չեն կարող այլևս կանգնեցնել: Մենք խոսելու ենք թալիշերենով, մենք պայքարելու ենք մեր անկախության, Թալիշստանի համար»:
Այսինք' թալիշները (այդ թվում նաև' ԱՀ մյուս բնիկ ժողովուրդները) կարող են իրենց ազգային ձգտումներում, խաղաղ ճանապարհով, հիմնվելով միջազգային իրավունքի վրա հասնել իրենց նպատակներին:

Հավելենք, որ 21-րդ դարում դժվար է ժողովուրդներին ստիպել ապրելու այնպիսի պայմաններում, որտեղ նրանց սպառնում է ձուլման, ազգային դիմագիծը կորցնելու վտանգը, հետևաբար, ինչպես աշխարհի որևէ ժողովուրդ, այնպես էլ տարածաշրջանի բնիկ ժողովուրդները' թալիշները, լեզգիները, ավարներն իրավունք ունեն օգտվելու իրենց ինքնորոշման իրավունքից:

Փորձը ցույց է տվել, որ համակարգված, հստակ ազգային-քաղաքական պահանջ ձևավորվելու դեպքում իրենց ազգային խնդիրների լուծման գործում թալիշները կարող են օգտագործել միջազգային ատյանները, որոնց հանդեպ Ադրբեջանը լուրջ պարտավորություններ ունի ու չի կարող խուսանավել դրանցից:

Թուրքիայում քրդերը ստեղծեցին իրենց ազգային կուսակցությունը, ընտրությունների միջոցով ընդգրկվեցին խորհրդարանում ու քաղաքական առումով ուղղակիորեն մասնակից դարձան իրենց ազգային խնդիրների լուծմանը: Դարձան ԹՀ Սահմանադրության սկզբունքներին համապատասխան ներքին քաղաքական լուրջ ուժ, որի հետ երկրի իշխանությունները հաշվի են նստում:

Թալիշները նույնպես պետք է գնան այս խաղաղ ճանապարհով' ԱՀ գործող օրենքներին համապատասխան, էթնիկ խմբերի տարրական իրավունքներով ստեղծեն քաղաքական ու հասարակական-մշակութային կառույցներ ու մտնեն երկրի քաղաքական դաշտ ու պայքարեն իրենց իրավունքների համար: Եթե Ի.Ալիևի իշխանությունը չի թողնում, ապա դրանք կարելի է ստեղծել արտերկրում, գրանցվել միջազգային համապատասխան կառույցներում, ու անհրաժեշտության դեպքում այդ ամբիոններից բարձրաձայնել իրենց իրավունքների մասին' թույլ չտալով այդ խնդիրներում ԱՀ պաշտոնական ներկայացուցիչներին թոզ փչել Արևմուտքի աչքերին:

Նման քայլերով թալիշներն իրենք էլ կօգնեն միջազգային կազմակերպություններին' իրենց իսկ շարժմանն ու քաղաքական նպատակներին Արևմուտքի կողմից հետամուտ ու աջակից լինելու գործերում: Տարածշրջանում, եվրոպական արժեքների տարածման համար, Արևմուտքը տարբեր ծրագրեր է իրականացնում ու հսկայական ֆինանսական միջոցներ ու գրանդներ տրամադրում այդ նպատակներով: Ֆինանսական այս աղբյուրները թալիշները նույնպես կարող են օգտագործել իրենց ազգային ձգտումներն իրագործելու համար:

Ի վերջո մյուս հանգամանքը, որը կարող է նպաստել թալիշների ազգային շարժման ձևավորմանը, դա 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որոնցից առավելագույնս օգտվելու պարագայում թալիշները կարող են մեծ հաջողությունների հասնել: Ադրբեջանն այլևս չի կարող կոծկել թալիշների խնդիրները' ձևացնելով, թե երկրում ամեն ինչ կարգին է, համազգային պայքար է պետք ձևավորել' ընդգրկելով թալիշ ազգաբնակչության ողջ շերտերն ու ներուժը:

Թալիշստանն ու թալիշ ժողովուրդը պետք է ընկալի, որ պատմականորեն ևս մեկ անգամ բարենպսատ իրավիճակ է ստեղծվել իրենց համար, միջազգային հանրության հետ համագործակցությամբ, ինչպես նաև ԱՀ հարևան մի շարք երկրների կողմից գործնական աջակցություն ստանալով, ազգային նպատակներում հաջողության հասնելու:
Մնում է, որ թալիշ ժողովրդի մտավորականներն ու գործիչները հաստատակամորեն լծվեն այս գործին, համախմբեն ազգն ու համազգային' ընդհանուր ճակատով քաղաքականապես ու միջազգայնորեն պայքարեն իրենց տարրական իրավունքների ու ձգտումների համար:
Ամենակարևորն այն է, որ թալիշական շարժումն արդեն գոյություն ունի, ու այն ղեկավարում են ազգանվեր գործիչներ, ու միայն մնում է համախմբվել ու շարունակել պայքարը' ԱՀ հանդեպ միջազգային ներկայիս զարգացումներին ու առկա հնարավորություններին համարժեք:

Ալեն ՔԵՇԻՇՅԱՆ