ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում ներկայացնելով 2014թ պետական բյուջեի նախագիծը, նշեց, որ հունվարի 1-ից նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում` ուժային կառույցների աշխատողներինը, իսկ քաղծառայողներինը` հուլիսի 1-ից:
Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմազավակ ընտանիքները, իսկ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն կտրվի վճարել ուսման վարձերը պետական բյուջեի միջոցների հաշվին:
Վարչապետը տեղեկացրեց, որ հունվարի 1-ից թոշակները բարձրանալու են. նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպը ավելի բարձր կլինի, քան բարձր ստացողների, իսկ 93 հազար դրամ և բարձր թոշակ ստացողների թոշակի բարձրացում չի լինելու:
«Արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում: Մենք տեսնում ենք, որ աղքատության ցուցանիշը նվազման միտում է դրսևորում, իսկ 2014թ-ի սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի շնորհիվ դա ավելի տեսանելի կլինի»,- իր խոսքում նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ գործազրկության նպաստների ոլորտում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն 6 տոկոսն էր հասնում շահառուին: Ըստ վարչապետի, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18 հազար դրամները սոցիալապես ապահով մարդիկ էին ստանում, ովքեր աշխատանք որոնելու փորձ չէին անում: Տիգրան Սարգսյանն ասաց, որ այսուհետ համապատասխան ենթակառուցվածքների աշխատողների միջոցով պետք է բացահայտեն աշխատանք որոնողներին եւ նրանց առարկայական օգնություն ցուցաբերեն, այդ թվում նաեւ ֆինանսական: