Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը նշել է, որ Մոնթեի մասին ներկայացում է ուզում անել, որպեսզի մեր հերոսի օգնությամբ վերագտնենք մեր բարոյականությունը։ Ինչին ի պատասխան լրագրողը հայտնել է իր մտավախությունն առ այն, որ «հերոսապատում սարքելով` այնպիսի փաստավավերագրական խճողումների մեջ ենք ընկնում, որ վերջում հերոսին էլ, մեզ էլ ավելի շատ վնաս ենք տալիս, ինչպես օրինակ, Քրիստ Մանարյանի գրած Նժդեհ սցենարի դեպքում»:

 

Կիսելով այս և նմանատիպ կարծիքները` YerevanNews.am-ը փորձեց Մշակույթի նախարարությունից պարզել, թե ներկայացվե՞լ է արդյոք սցենար ՀՀ մշակույթի նախարարությանը, ո՞վ է սցենարի հեղինակը և եղե՞լ են արդյոք քննարկումներ ՀՀ մշակույթի նախարարությունում «Մոնթե» ներկայացման հետ կապված:

Հարցմանն ի պատասխան` Մշակույթի նախարարությունից մեզ հայտնեցին, որ ս.թ. սեպտեմբերի 17-ով թվագրված գրություն է ստացվել Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանի և գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի անունից, ըստ որի նրանք ՀՀ մշակույթի նախարարություն են ներկայացրել «Մոնթե Մելքոնյան» խորագրով պիեսի բեմադրմանն աջակցելու առաջարկություն-խնդրանք:

Ըստ դիմումատուների՝ սցենարը դեռևս նախատեսվում է պատվիրել Քրիստ Մանարյանին, երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանին, իսկ բեմադրությունը պետք է իրականացնի Նիկոլայ Ծատուրյանը: Դիմումատուները ներկայացրել են նաև ապագա պիեսի իրականացման հետ կապված նախահաշիվ, որը չի կարող դիտարկվել սցենարի, ռեժիսորական և նկարչական լուծումների բացակայության պարագայում:

 

Նախարարությունից մեզ նաև հայտնեցին, որ նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վ. Գրիգորյանը հանդիպել է Ծատուրյանին և բանավոր տեղեկացրել /հիշեցրել, որ պետական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է հայտը ներկայացնել ամբողջական փաթեթով /սցենար/ պիես, ստեղծագործական կազմ, էսքիզներ, ճշգրտված նախահաշիվ, իրականացման ժամկետներ/, որը սահմանված կարգի համաձայն կքննարկվի թատերարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացման, թատերական գործունեության կատարելագործման, ստեղծագործական պատվերով թատերական ներկայացումների բեմադրությունների իրականացման, դրամատիկական ստեղծագործությունների գնման խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված՝ ՀՀ մշակույթի նախարարին կից «Թատերարվեստի խորհրդի» 2014 թ. նիստերից մեկում:

Սակայն, ինչպես հայտնում են նախարարությունից, մինչ օրս վերոնշյալ հայտը ամբողջական փաթեթով չի ներկայացվել մշակույթի նախարարություն: