Ինչպես արդեն հայտնել էինք, 2014 թ. բյուջեի քննարկումը վրդովեցրել էր Սեյրան Սարոյանին , սակայն այլ հարցադրումներ ևս եղան: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հրապարակվածներն այն թվերն են, որոնք բյուջեի նախագծում տեղ են գտել, թե դրանք դեռ բարձրանալու են, քանի որ առավոտյան նիստում վարչապետն ասաց, որ հունվարից տասը տոկոսով բարձրանալու են զինծառայողների աշխատավարձերը:
Ի պատասխան սրան, Սեյրան Սարոյանը կրկին վրդովվեց. «Այ մարդ մենք հարց տվինք: Պլենա՞. կեսս հարց ա տալի, կեսս բշտում ենք»:
Այս անգամ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով փոխնախարարին, կրկին անգամ նշեց, որ իրենց թվերը չեն հետաքրքրում, այլ քաղաքականությունը:
«Հասարակության մեջ կարծիք կա, թե ԱԺ պատգամավորները խեղճ, թշվառ հասարակության հաշվին իրենց աշխատավարձներն են բարձրացնում: Մենք քեզ ուզում ենք օգնենք, որ մի քիչ վերլուծություն, տվյալներ բերեք սոցիալական թեթեւացման մասին», - նշեց նա:
Սակայն վերջինս համառորեն թվային տվյալներ էր հրապարակում:
Այս անգամ չդիմացավ նաեւ ԱԺ մյուս գեներալ-պատգամավորը` Մանվել Գրիգորյանը, նշելով. «Ընենց հաշվարկներ ես անում, սկի Ամերիկայում չեն անում: Դու ասա`մոտավորապես ըսքան ա բարձրանում, ու վերջ»:
Շարունակվող իրավիճակից Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանն այլևս չդիմացան և քննարկման կեսից դուրս եկան: