ԱԺ-ում շարունակվում է 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Քննարկման ժամանակ շրջանակներում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ Կառավարության աշխատակազմ ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե ինչո՞ւ է գյուղատնտեսության նախարարության ոլորտին հատկացված 16 միլիոնից 7.5 միլիոնը Կառավարության աշխատակազմի տնօրինության տակ գտնվում:

«Չե՞ք մտածում, որ ճիշտը այդ գործառույթի փոխանցումն է Գյուղատնտեսության նախարարությանը»,-հարցրեց նա:

Ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, թե գուղնախարարության ծախսերն այնքանով են Կառավարության աշխատակազմի ներքո, որքանով նախատեսում են միջազգային պայմանագրերը. «Դա գրանտ ուղարկողների պահանջն է՝ կենտրոնացնել: Հակառակ դեպքում մենք չէինք կարող այդ գումարները ստանալ: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու է այդ պահանջը դրվել, բայց դա ամրագրված է միջազգային պայմանագրով»:
ՀՅԴ պատգամավորը նաև հետարքրքվեց, թե ինչ տեսանկարահանման սարքերի ձեռքբերման մասին է խոսվում փաստաթղթերում:

«Էդ ինչ է՝ գաղտնալսման սարքե՞ր են: Գաղտնալսելո՞ւ եք Կառավարությանը»,-հարցրեց նա:
Պատգամավորի խոսքը տեղից ընդհատեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ասելով, որ Կառավարությունն արդեն իսկ տեսագրվում է: Ա. Մինասյանն էլ կատակով նշեց. «Արդարադատության նախարարը խանգարում է ինձ»: Ի պատասխան, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Կառավարության շենքը հիմա անհրաժեշտ պահին տեսագրվում է, բայց չի ձայնագրվում, ուստի գաղտնալսման մասին խոսք լինել չի կարող: