ԱԺ-ում շարունակվում է 2014 թ,-ի պետբյուջեի քննարկումը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխարեն պետբյուջեի քննարկմանն այսօր ներկայացել էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով իր ելույթում նշեց, որ ՀՀ-ի պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրվում է 7 մլրդ 352 մլն դրամ:
Ելույթից հետո Արեյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հարցը կայանում էր հետևյալում:

«Պարոն Արեյան անցյալ տարի էլ սկսեցինք, թե ինչու՞ Տարոն Մարգարյանը չի ներկայացնում պետբյուջեն, մարզպետ էլ կար, որ չէր գալիս, գործից հանեցին, կարո՞ղ ա վատ նշան ա», - հարցրեց նա:

Ի պատասխան սրան, Կամո Արեյանը նշեց. «Պատասխանեմ ձեր ավանդական հարցին և տամ իմ ավանդական պատասխանը: Տարոն Մարգարյանի լիազորությամբ, ես եմ ներկայացնում պետական բյուջեի նախագիծն այսօր, իսկ ինչ մնում է ձեր կենդանակերպի և գուշակության նշանների փիլիսոփայությանը, գուշակեք այլ ուղղությամբ և այլ անձի շուրջ»:

Փաշինյանը արձագանքեց. «Ու՞մ ՝ Սերժ Սարգսյանի՞»: Սակայն նրա այս հարցն անպատասխան մնաց: