ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի քննարկումը՝ մարզպետների մասնակցությամբ և շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հարցերը մարզպետներին: Նշենք, որ նա հարցեր ուղղում է բոլոր մարզպետներին:
Արմավիրի մարզպետ Ղահրամանյանի ելույթին հետևեց Փաշինյանի հարցը:
Փաշինյան- Ոչ ֆինանսական ցուցանիշներ բաժնում ունեք տվյալ, որ Արմավիրի մարզում հաջորդ տարի անցկացվելու է ընդամենը երկու մշակութային միջոցառում: Ինչի՞ հետ է դա կապված:
Ղահրամանյան- Դա ուղղակի պետական բյուջեյով է նախատեսված: Իսկ ընդհանրապես քաղաքային համայնքները և գյուղական համայնքներն իրենց բյուջեներով մշակութային միջոցառումների համար համապատասխան հոդվածներ ունեն և համապատասխան միջոցառումներ են նախատեսվում:
Փաշինյան- Դե էդ դեպքում ասեք, թե մոտավորապես ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում, որ պատկերացում կազմենք, թե մեր բնակչության գեղագիտական մակարդակն ինչպիսի դինամիկա է ունենալու:
Ղահրամանյան- Բյուջեներով նախատեսված է ինչպես գրքերի տպագրության, մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման համար: Բյուջեով նախատեսվածը սահմանված է Սարդարապետի հուշահամալիրի միջոցառումների կազմակերպման համար: Բազմաթիվ միջոցառումներ են լինելու:
Փաշինյան- Օրինա՞կ:
Ղահրամանյան- Օրինակ՝ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, բերքի տոն, մաճառի տոն: Անպայման կհրավիրեմ: