Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Արարատի քաղաքապետի ընտրություններին և մեկնարկած քարոզարշավին:
«Ընտրարշավը սկսվել է: Տեղեկություններ չունեմ հանդիպումներ եղել են, թե ոչ: Մենք ամեն ինչ կանենք, որ լիարժեք անցկացվեն մաքուր, ազատ ընտրություններ», - նշեց նա:
Մարզպետի խոսքերով, և մարզը և բնակչությունը դրական է տրամադրված, սակայն նա չի կարող վաղաժամկետ ներկայացնել, թե ով կհաղթի ընտրություններում: Սակայն մարզպետը նշեց, որ կարող է ասել, որ այս պահին ՀՀԿ-ից ներկայացված Հայկ Հայկյանը բարձր վարկանիշ ունի և ամեն ինչ հետո պարզ կլինի:
«Բացարձակ որևիցե ճնշում որևիցե թեկնածուի վրա չկա», - նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, որ մարզպետը միշտ դերակատարում է ունենում ընտրությունների հարցում , հատկապես այն թեկնածուի համար, ում կուսակցությունն է ներկայացնում, մարզպետը նշեց, «Իհարկե, իշխանության թեկնածուին եմ հովանավորելու: Նա ունի մեծ հնարավորություններ՝ անկախ մեր քարոզչությունից: Արարատ քաղաքում նրան բոլորը ճանաչում են: Նա հնարավորություններ ունի հաղթանակի հասնելու»: