Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի հարցով հանձնաժողովի աշխատաքներին՝ նշեց, թե հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ։

Նրա խոսքերով, հաշվարկներ են իրականացվում, և, հավանաբար, մեկ ամսից կամ մի քիչ ավելի կավարտի աշխատանքները և նա հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում է։

«Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- ասաց փոխքաղաքապետը:
Կամո Արեյանը հավելեց, թե տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում պարտադիր պետք է բարձրանա նաև սպասարկման որակը, քանի որ սա է հանրային պահանջը։

«Պիտի վերանայվի երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, ուղևորների ժամանակին սպասարկումը, չվացուցակը և այլն, և այդ հարցերը հանձնաժողովը նույնպես քննարկում է»,- ասաց նա։

Երևանի փոխքաղաքապետը բացառեց, որ մայրաքաղաքային տրանսպորտի դաշտը կտրվի մի մարմնի՝ նշելով, որ շուկայում բաց մրցույթային հարաբերություններ են, և մենաշնորհ չի կարելի թույլ տալ։

Հարցին՝ եթե հանրությունը կրկին ընդվզի, Կամո Արեյանն ասաց, որ չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գների մազաչափ անգամ թանկացումը ոգևորությամբ ընդունվի։ «Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա, իսկ օրենքն ունի նաև պահանջ։ Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»,- եզրափակեց նա