Մինչև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կներկայացներ ԱԺ-ում 2014թ. բյուջեում նախատեսված եկամուտներն ու ծախսերը, նիստը վարող ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը զգուշացրեց, թե մարզպետին շատ հարցեր չտան, քանի որ նա նոր է և շատ հարցերի չի տիրապետում։
Մինչդեռ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց տալու իրավունք խնդրեց, ինչին մարզպետը կատակով նկատեց. «Պարոն Փաշինյան, ասացինք, չէ՞, որ ես նոր մարզպետ եմ»:
Սակայն Փաշինյանը չհրաժարվեց իր հարցից։
«Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ դուք գործարար եք, և Արարատի մարզում կա 39.3 տոկոս աղքատություն, այն մարզում, որը գտնվում է Արարատյան դաշտավայրում: Այնտեղ հողը բերրի է, ու հնարավոր է, որ հողից գյուղացին եկամուտ ստանա, սակայն այնտեղ ունենք աղքատության նման բարձր ցուցանիշ: Մինչդեռ այդ մարզում կան գործարարներ, որոնք իրենց մրգի, բանջարեղենի վաճառքից միլիոնավոր դոլարների եկամուտներ են ստանում, ուստի, ինչու՞ այդ նույն հողը մշակող գյուղացին չի կարողանում գոնե 10-15 հազար դոլարի եկամուտ ստանալ»:
Մինչ հարցին պատասխանելը մարզպետն ընդգծեց, թե ինքն արդեն բիզնեսով չի զբաղվում և խնդրեց դա ֆիքսել, ապա արդեն հարցին անդրադառնալով՝ նշեց, որ դա լուրջ խնդիր է։ Ըստ նորանշանակ մարզպետի, հողաբաշխման ժամանակ գյուղացիներից շատերը չեն կարողացել մեծ հողակտորներ ստանալ, ուստի նրանք, ովքեր մեծ հողակտորներ ունեն, բնականաբար ավելի մեծ շահույթ են կարողանում ստանալ:
«Իսկ որ մեծ շահույթ են ստանում, դա բնական է, որովհետև մեծ կտորներից շահույթն ավելին է»,-բացատրեց նա։