Գերմանական դերբիում` Շալկեի հետ խաղում, Հայաստանի հավաքականի և Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է իր թիմի գրոհների կազմակերպիչը` մասնակցել է առաջին գոլի ստեղծմանը, այնուհետև կատարել է երկու գոլային փոխանցումներ: Հենրիխ Մխիթարյանի խաղի, թիմում նրա գործերի մասին «Սպորտ Էքսպրեսս»-ի թղթակիցը զրուցել է հայտնի լրագրող Թոմաս Հեննեկեի հետ, ով Kicker պարբերականում միշտ գրում է հենց Բորուսիայի մասին:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
-Յուրգեն Կլոպը «Շալկեի» հետ դերբիից հետո ասաց. «3-րդ գոլը բացարձակ համաշխարհային մակարդակ էր: Աներևակայելի է, թե ինչպես Միկկին (ինչպես շատերը Գերմանիայում անվանում են Մխիթարյանին) կարողացավ ճեղքել»: Համաձա՞յն եք այպիսի գնահատականի հետ:
-Լիովին: Դա Ֆանտաստիկ էր Մխիթարյանի կողմից` ստացավ գնդակը սեփական տուգանայինի մոտ, 70-80 մ վազեց, «Շալկեի» 3 ֆուտբոլիստի թողեց իր ետևում, ապա տեսավ Բլաշչիկովսկուն ու նրան դիպուկ փոխանցում կատարեց: Հրաշալի է:
-Հաշվի առեք, այդ ամենը տեղի ունեցավ խաղավերջում: Ստացվում է, ֆուտբոլիստը դեռ մեծ ուժ ուներ:
- Այո, բայց դրանում Մխիթարյանի համար ոչ մի անհավանական բան չկա: Ես շատ լավ եմ հիշում իմ առաջին զրույցը նրա հետ: Հենրիխն ասում էր, որ կարող է շատ վազել, որ դիմացկունության տեսանկյունից կփորձի լինել լավագույնը: Ու կարելի է ասել, որ իր խոսքի տերն եղավ: Կարելի է ասել, Մխիթարյանը 82-րդ րոպեին նա վազել էր այնքան , որքան 15-ր րոպեին: Նա ֆենոմեն է, ադամանդ-ֆուտբոլիստ:
- Բունդեսլիգայի, Չեմպիոնների լիգայի ու Գերմանիայի գավաթի 12 խաղերում Մխիթարյանը 5 գոլ է խփել: Ի՞նչ եք կարծում նրա արդյունավետության մասին:
-Կարծում եմ, որ դա լավ արդյունք է: Ուկրաինական լիգայում նա շատ էր խփում, մեծաթիվ գոլային փոխանցումներ կատարում: Այդ պատճառով էլ Գերմանիայում նրանից ինչ-որ բան ակնկալում էին: Բայց որ նա այդքան արագ կսկսի, այդքան լավ կձուլվի շատ ուժեղ լիգայում՝ այս պահին Եվրոպայում գուցե լավագույն լիգայում, բոլորը չէ, որ վստահ էին: Կարծում եմ, առայժմ նա իր աշխատանը հիանալի է կատարել: Նրա մոտ 2-3 խաղ տևած ժամանակահատված եղավ, որի ընթացքում նա գործում էր ոչ այնքան տեսանելի, ոչ այնքան տպավորիչ, գուցե՝ ինչ-որ սխալներ էր թույլ տալիս: Բայց ընդհանուր առմամբ Բորուսիայում անցկացրած այս 3 ամիսների ընթացքում նա հիանալի խաղ է ցուցադրել:
- Կարելի՞ է ասել, որ նա արդեն ձուլվել է թիմին:
-Այո: Եվ դա տեղի ունեցավ շատ արագ: Ես հետևում էի «Բորուսիայի» նախապատրաստման ողջ փուլին: Առաջին ստուգողական խաղերում Մխիթարյանը խաղում էր այնպես, ասես Դոտմունդում էր մեկ կամ երկու տարի: Ճիշտ է, մի փոքր բախտը չբերեց՝ վնասվածք ստացավ ու ստիպված էր բաց թողնել մի քանի շաբաթ: Բայց հավատացեք, հազվադեպ է Դորտմունդ գալիս մի նորեկ, ով այսքան անցավ ու արագ է մերվում, որքան Մխիթարյանը:
-Ի՞նչ եք կարծում, «Բորուսիայում» նա երջանի՞կ է:
-Կարծում եմ, այո՛: Ես, իհարկե, ամեն օր չէ, որ նրա հետ խոսում եմ, բայց կարծում եմ, որ Հենրիխը չի ափսոսում տեղափոխության համար: Նա ելույթ է ունենում գերմանական հանահայտ ակումբում, որը երկրորդն է այժմ, պայքարում է երկրի Գավաթի համար, էական դերակատարում ունի Չեմպիոնների լիգայում: Ու այդ ամենով հանդերձ, նա հիմնական կազմի խաղացող է: Չեմ կարող պատկերացնել, որ Հենրիխը երջանիկ չէ:
-Շատերը կարծում են, որ Մխիթարյանին Դորռմունդ են հրավիրել, որպես Մարիո Գյոցեի փոխարինող: Նորեկը կարողացա՞վ իր առջև դրված խնդիրը լուծել:
-Կարծում եմ՝ այո: Բայց նրա խաղաոճն այլ է: Ինձ թվում է, որ սխալ է Գյոցեին ու Մխիթարյանին համեմատելը: Մխիթարյանը մրցակցի դարպասի մոտ ավելի սուր է գործում, ավելի վտանգավոր, իսկ Գյոցեն, գուցե, ավելի լավ է գործում մրցակցիների շրջապատման մեջ: Դորտմունդում ոչ ոք այլևս Գյոցեի մասին չի խոսում: Ոչ ոք նրա համար լաց չի լինում: «Գյոցե» գլուխը, կարելի է ասել, ասյտեղ փակված է, սկսվել է «Մխիթարյան» գլուխը: Այժմ այդ դիրքում կա ֆուտբոլիստ, ով նույնքան լավն է, որքան Մարիոն: Խաղացող, որը խաղադաշտում կարող է անել ամեն բան` գնդակին հիանալի տիրապետող, խաղը հասկացող:
-Երևի Մխիթարյանը Դորտմունդում դեռ կզարգանա:
-Հենրիխը դեռ երիտասարդ է: Իմ հետ առաջին հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ պետք է միշտ սովորի, այդ թվում` նաև խաղադաշտից դուրս: Ասում էր, որ երբ ավարտում է ինչ-որ բան սովորելը, անցնում է հաջորդին: Ու որպես ֆուտբոլիստ՝ նույն: Նա ասաց. ով դադարում է սովորել, նա մեծ հաշվով ավարտում է կյանքը: Նշում էր, որ մշտապես կձգտի առաջադիմել, երբեք կանգ չի առնի ու բավարարվի եղածով: Դա հրաշալի մասնագիտական տրամադրվածություն է:
-Իսկ ի՞նչ է նրանից ակնկալում Յուրգեն Կլոպը:
-Չգիտեմ: Կարծում եմ՝ Կլոպն արդեն շատ գոհ է: Ընդ որում՝ թիմում Մխիթարյանի հայտնվելու առաջին օրվանից: Մարզիչը գոհ է նաև այն պատճառով, որ ինչպես ասացի, Հենրիխը հիանալի մարդ է: Թիմում նրան շատ են գնահատում: Դորտմունդում շատ էին ուզում նրան ձեռք բերել, նրա համար շատ գումար են վճարել:Գիտեմ, որ Կլոպը նրան գնահատում է որպես ունիվերսալ խաղացողի՝ Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում: