Ինձ մոտ ժպիտ է առաջացնում արտաքին քաղաքականության իրադարձությունների վերաբերյալ դատողություններն ու մեկնաբանությունները, իսկ մինչ այդ երեք ու կես տարի ժպիտ էր առաջացնում «ձվի մեջ մազ փնտրելու» ցանկությունը՝ Եվրոմիության հետ հարաբերությունների հետ շրջանակներում: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ռուսական առաջին ալիքի ռեպորտաժին և Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, այսպես սկսեց իր մեկնաբանությունը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռուսական «ORT» հեռուստաալիքը ռեպորտաժ պատրաստելով, նշել էր, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկությունն այդպես էլ ցանկություն կմնա:
«Այս մի քանի տարի ընթացքում , երբ Հայաստանը բանակցում էր Ասոցացման համաձայնագրի հետ կապված, մեծ թվով վատ ռեպորտաժներ են եղել, քննադատական հոդվածներ են ուղղվել եվրոպական ազդեցիկ, հեղինակավոր պարբերականներում ու չգիտեք ինչու դա չի դարձել շահարկման թեմա, թե ահա Հայաստանին Եվրոմիություն չեն թողնելու, դեղին քարտ են ցույց տալիս և այլն», - նշեց նա:
Նախարարի խոսքերով, այստեղ նույնպես շահարկման թեմա կա և վերջինս չի կարծում, որ իրականում մեկ ռեպորտաժով կարելի է ինչ-որ եզրակացություններ անել: Աշոտյանը նաև նշեց, որ ռեպորտաժում եղել են նախադասություններ և որակումներ, որոնք իրեն նույնպես վրդովեցրել են:
«Դա վրդովմունքի ալիք է բարձրացրել, և բնականաբար Ղարաբաղի հակամարտության հետ կապված այսպիսի որակումները ուղղակի անընդունելի են հայի ականջի համար», - պարզաբանեց նա:
Մյուս կողմից, նախարարը հորդորում է հասկանալ, որ եթե ինքն էլ լիներ Ռուսաստանի իշխանությունը, և փորձեր Ռուսաստանի նկատմամբ հայոց իշխանության վերաբերմունքը հասկանալ լրագրողների աշխատանքի միջոցով, պակաս նստվածքներ չէր ունենա:
«Ակնհայտ է, որ Հայաստանում էլ կան այնպիսի քաղաքական ներկայացուցիչներ, ովքեր մեդիա դաշտի միջոցով փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել, ակնհայտ է նաև, որ ռուսական մեդիա դաշտում էլ կա ուղղություն, որ փորձեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծեն էմոցիոնալ բնույթի խնդիրներ», - նշեց նա:
Միաժամանակ Աշոտյանը բացառում է, որ սա լիներ ռուսական իշխանությունների կողմից հրահանգված կամ սատարվող ձևակերպումներ: