Ինչպես արդեն հայտնել էինք, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց էր ուղղել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա իր հարցադրման մեջ նշել էր, թե քանի որ հայերն այդքան մեծ թվով արտագաղթում են, արդյո՞ք էլ անհրաժեշտ է Սփյուռքի նախարարությունը:

Այս արտահայտության հետ կապված լրագրողները Սփյուռքի նախարարին հարցրեցին իր կարծիքն այս հարցադրման վերաբերյալ, ինչին ի պատասխան նախախարը նշեց, որ կարծում է, թե Սփյուռքի նախարարության ստեղծումը պահանջ էր հենց Սփյուռքի կողմից և դեռևս խորհրդային տարիներին է այդպիսի կառույցի անհրաժեշտություն եղել:

«Իհարկե կա արտագաղթ, որևէ մեկը ժխտել չի կարող: Իմ խնդիրը որքանով կարող եմ խնդրել, հորդորել Սփյուռքին վերադառնալ հայրենիք: Ես այլ ֆունկցիա էլ ունեմ կարծում եմ, մի ժամանակ էլ «Արի տուն» ծրագրի մասին էիք ոչ հաճելի խոսում, երբ ես երիտասարդներին բերում էի՝ հայրենիքի հետ ծանոթացնելու համար», - նշեց նա:

Նրա խոսքերով, ակնհայտ է, որ մարդիկ ձգտում են փոփոխության, սահմանները բացվել են, վախենալու բան չկա: «Իհարկե, շարժման մեջ չպետք է վատ բան փնտրել, հարցն այն է, որ մեր երկիրը լինելով փոքր, անհանգստանում ենք այդ հարցով, որպեսզի ազգային անվտանգությանը վնաս չհասցնի», - նշեց նա:

Նախարարի խոսքերով, սփյուռքահայերը ոգևորված են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից: