Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին` նշելով, որ շատ է ափսոսում մարզչի հեռանալու համար և ամեն ինչ կանի նրան հետ վերադարձնելու ուղղությամբ:
«Ճիշտ է արդեն լրանում էր Մինասյանի պայմանագրի ժամկետը, սակայն ամեն կերպ կփորձեմ հետ կանչել նրան: Արդեն երկու անգամ զրուցել եմ հետը, սակայն մերժել է: Մի անգամ էլ գարնանը ցանկացավ հրաժարակ տալ, բայց համոզեցի մնաց: Եթե ինձ մերժել է, ուրիշ ոչ ոք չի կարող նրան համոզել»,- իր խոսքում նշեց Հայրապետյնաը:
Նա նաև հայտնեց լրագրողներին, որ բանակցություններ մի քանի այլ մարզիչների հետ գնում են, սակայն ակնհայտ է, որ ապագա մարզիչը Հայաստանից չի լինի:
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե հավաքականի մարզիչը կլինի իսպանացի կամ իտալացի, ՀՖՖ նախագահը հայտնեց, որ Վարդան Մինասյանը նրան նույնպես տվել է այդ խորհուրդը, և որ այդ ազգերի ներկայացուցիչների համար ավելի հեշտ կլինի հայ մարզիկների հետ, քանի որ խառնվացքներով ժողովուրդները նման են:
«Դեռևս հայտնի չէ, թե որ երկրից կլինի մարզիչը, հնարավոր է գերմանացի լինի, մականվանս հետ կապ չունի: Կարևոր է, որ մարզիչն արագ ընտելանա մարզիկներին, իսկ մարզիկները` մարզիչին:Խնդիրը լինելու է մեկը` ամեն բան անել առաջնություններին մասնակցելու համար»,- հավելեց Հայրապետյանը` նշելով նաև, որ դիմել է մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին, ում հետ բանակցություններ է վարել, սակայն վերջինս հրաժարվել է: