ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր դարձյալ անդրադարձել է գործազրկության նպաստի` վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած հարցին:

Հիշեցնենք` օրերս ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստներն անարդյունավետ են օգտագործվել, քանի որ 94% դեպքերում դրանք ստացել են ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չեն էլ փնտրել: Վարչապետի այս հայտարարությունը հաջորդել էր ԱԺ-ում «Զբաղվածության մասին» նոր օրենքի ընդունմանը, որով հունվարի 1-ից դադարեցվելու է գործազրկության նպաստների տրամադրումը:

Հարցին, թե ո՞վ է ի վերջո պատասխան տալու պետական միջոցների այսօրինակ փոշիացման համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Այստեղ պետք է դիտարկել ոչ թե մեղավորներ որոնելու հանգամանքը, այլ պետք է քննարկել անարդյունավետ մեխանիզմներն արդյունավետ մեխանիզմերով փոխարինելու ռազմավարություն և քաղաքականություն»,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Վարչապետը նաև նշել է, թե Հայաստանում շատ հաճախ վերցվում են զարգացած երկրների սոցիալական ապահովության ինստիտուտներ, որոնք, նրա խոսքով, «չեն աշխատում ու չեն կարող աշխատել» մեր երկրում: Վարչապետը նաև կրկնել է նախօրեին հնչեցրած իր այն միտքը, թե հենց այդ ինստիտուտների պատճառով էլ «բացի սոցիալապես խոցելի, անմրցունակ խավերից, նաև օգտվում էին ֆինանսապես ապահովված խավերը»:

Հիշեցնենք, ԱԺ-ում վարչապետի արած հայտարարությունից հետո ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել էր, թե դա հաղորդում է հանցագործության մասին: Լրագրողի այս դիտարկմանը վարչապետն այսպես է արձագանքել. «Խոսքը գնում է ոչ թե անհատների մասին, այլ անարդյունավետ մեխանիզմները արդյունավետ մեխանիզմերով փոխարինելու, որովհետև այսօր էլ Հայաստանում, ցավոք, դեռևս սոցիալական ոլորտում կան անարդյունավետ մեխանիզմներ, որոնք բերում են ֆինանսական միջոցների փոշիացման»: