Բյուջետային հայտը չբավարարելու պարագայում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կփակի արագ արձագանքման ծառայությունը;
Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա տեղեկացրեց, որ 244 մլն դրամի հայտ են ներկայացրել, սակայն բյուջեում մյուս տարվա համար նախատեսել են 213 մլն դրամ: Նրա խոսքերով, դա նշանակվում է, որ 6 մարզային գրասենյակներից կպահպանվեն 3-ը, ու կփակվի արագ արձագանքման ծառայությունը:
Ըստ Կ. Անդրեասյանի, արագ արձագանքման ծառայության համար անհրաժեշտ է 10 մլն դրամ (3 հաստիք): « Այս ծառայությունը 2013 թ. ընթացքում գիշեր-ցերեկ 1025 ահազանգ է ստացել, 273-ում արագ արձագանքել է՝ ցույցեր, երթեր, կոնֆլիկտներ, կալանավայրերում դեպքեր, երբ կալանավորը փորձել է վնասել իրեն, մի շարք դեպքերում կանխել են ոստիկանության բաժանմունքում բռնությունը, զորամասերում կանխել են ապօրինություններ»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Իսկ արդեն լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով արագ արձագանքման ծառայության փակմանը և այդ սիմվոլիկ տաս միլլիոնին, ՄԻՊ-ը նշեց. «Իմ ընկերներն ինձ ասում են, որ մենք պատրաստ են այդ տաս միլլիոնը տրամադրել: Անցյալ տարի Բրիտանական դեսպանատունը լսեց այդ քննարկումները և ասեց մենք պատրաստ ենք տալ», - նշեց նա:
Կ. Անդրեասյանի խոսքերով, սա սկզբունքի և լայն իմաստով նաև գործընկերության ցուցադրումն է: «Տաս միլլիոն դրամ կարծում եմ, որ մենք բոլորս հավաքվեն, կկարողանանք հայթայթել, բայց ուզում եմ պետբյուջեից, որ կառավարությունը գնահատելով մեր աշխատանքը տրամադրի այդ գումարը», - նշեց նա, հավելելով, որ կարևոր է նաև թե ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին:
Նա նշոեց, որ արդեն երեք տարի է, ինչ հիմնավորում է, թե ինչի համար է պետք այդ գումարը: «Ամեն տարի տաս միլլիոնի կռիվ է , չէ՞ որ ես կարողանում եմ դրամաշնորհով հայթայթել հարյուր միլլիոն, վաթսուն միլլիոն, տաս միլլիոնը էդպես փոքր չէ: Կառավարությունը այս տարի էլի մեզ տվել է երեսուն միլլիոն, խնդիրը երևի այդ գումարը չէ, այլ միգուցե հենց այդ սիմվոլիկ տաս միլիիոն է, երբ մենք ասում ենք , որ մենք համեստ կարիք ունենք, գնահատեք այդ կարիքը, գնահատեք այդ համեստությունը և տվեք»,- նշեց նա:
Կ. Անդրեասյանի խոսքերով, դա կարող է անձի խնդիր լինել, կարող է որոշակի թյուրըմբռնման խնդիր լինել: «Սակայն դա կոնկրետ կարևոր գործի համար սիմվոլիկ գումար է», - եզրափակեց նա: