Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ում ելույթ էր ունենում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ով իր ելույթի ժամանակ աջակցություն խնդրեց պատգամավորներից՝ ՄԻՊ գրասենյակին 10 մլն դրամ տրամադրելու նպատակով կառավարությանը համոզելու հարցում, որպեսզի չփակվի արագ արձագանքման ծառայությունը:

Այս հարցադրմանն արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Պարոն Անդրեասյան մենք հասկանում ենք, որ բյուջեով հնարավոր չէ բոլոր ցանկություններն ու կարիքները բավարարել, բայց մենք հասկանում ենք, որ կա իսկապես ճիշտ և ադեկվատ խնդիր։ Բյուջեն, երբ նայում էի, պատահական ես մեկ անուն հիշեցի, ինչ-որ պարող, թե երգող տղաների կազմակերպությանը 7մլն. դրամ, կամ ինչ-որ «Օջախի ծուխ», «Ճաքած նուռ» կամ նման կարգի կազմակերպությունների գումարներ են տրվում։ Ես չգիտեմ՝ գուցե այդ պարող կամ երգող տղաները, որ առաջին անգամ եմ լսում, շատ լուրջ գործ են իրականացնում ՀՀ-ում, գուցե այդ 7մլն. դրամին էլ իրապես արժանի են, բայց ես խոստանում եմ ԲՀԿ խմբակցությունը անպայմանորեն կներկայացնի արագ արձագանքման խմբին 10մլն. դրամ տրամադրելու առաջարկ»»- խոստացավ նա։

Միաժամանակ ԲՀԿ պատգամավորն ընդգծեց, թե չի կարող երաշխավորել, որ կառավարության պատասխանը դրական կլինի։
«ԿԼինի իրենց մշտական copy paste պատասխանը, որ մերժում են, որովհետև շատ ավելի կարևորություններ կան, ինչի մասին ես նշեցի, բայց վստահ եղեք, որ մենք այդ առաջարկը կներկայացնենք», - եզրափակեց նա։

ՄԻՊ-ն էլ արձագանքեց. «Շատ շնորհակալ եմ, տիկին Զոհրաբյան, ես էլ իմ հերթին ուզում եմ խնդրել կառավարությանը հայթայթել այդ գումարը: Ես գիտեմ, որ դժվար է, բայց մենք կարող ենք լիարժեք առաջին տարին այսպես շնորհակալությամբ ամփոփել, եթե գտնվի այդ 10մլն. դրամը, բոլորը կլինեն գոհ, և մենք էլ մյուս տարի ավելի արդյունավետ կներկայացնենք»։