Facebook սոցցանցը չորեքշաբթի պաշտոնապես հաստատել է դեռահաս լսարանի արտահոսքի փաստը: Այդ մասին հայտնել է սոցցանցի ֆինանսական տնօրեն Դևիդ Էբերսմանը՝ մեկնաբանելով կորպորացիայի եռամսյակային հաշվետվությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Նրա խոսքով՝ իրենք ֆիքսել են օրվա կտրվածքով դեռահաս օգտատերերի թվի նվազում:

Շուկան ակնթարթորեն արձագանքել է սոցցանցի ղեկավարության հայտարարությանը: Դրական եռամսյակային հաշվետվության ֆոնին բաժնետոմսերի արժեքը բարձրացել էր 15 տոկոսով, սակայն Էբերսմանի հայտարարությունից անմիջապես հետո արժեթղթերի գինը նվազել է 5 տոկոսով:

Ավելի վաղ ընկերությունը կտրականապես հերքել է տեղեկությունն այն մասին, որ սոցցանցն այլևս չի գրավում երիտասարդներին:

Մի շարք հետազոտական կենտրոնների տվյալներով՝ այժմ երիտասարդների շրջանում առավել մեծ ժողովրդականություն են վայելում Twitter-ն ու Instagram-ը:

Սիլիկոնե հովտի վերլուծաբանների կարծիքով՝ երիտասարդների հետաքրքրության նվազումը կապված է ամենամեծ լսարանն ունենալու սոցցանցի մտադրության հետ: Երիտասարդներն իրենց անհարմար են զգում ծնողների ու հարազատների ներկայությունից:

Այնուհանդերձ, Ցուկերբերգը չորեքշաբթի հնչեցրել է 5 միլիարդ օգտատիրոջ միավորելու սոցցանցի հավակնոտ ռազմավարական խնդիրը: