Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Խաչատուր Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին գրում է Ժամանակ թերթը:

Ըստ գործի նյութերի` ավագ հրաձիգ, դիպուկահար, կոչումով եֆրեյտոր Խ. Սարգսյանը, ընդգրկված լինելով հերթապահության մեջ` որպես դիտորդ, 2012թ. հունվարի 26-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դիրքի կացարանին կից ճաշարանի միջանցքով անցնելու ժամանակ հայհոյել է իր ճանապարհին կանգնած շարքային Փ. Շահնազարյանին` ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Մասնավորապես` հունվարի 27-ին` 02:40-ի սահմաններում, Խ. Սարգսյանը, ով հանդիսացել է արթուն պահակ, շարքայիններ Կ. Ալավերդյանի և Փ. Շահնազարյանի կոշիկների ճտքերի եզրերին սափրվելու համար նախատեսված փրփուր է քսել` որպես կատակ:

Կ. Ալավերդյանի և Խ. Սարգսյանի միջև վիճաբանություն է ծագել կատարվածի շուրջ, որի ժամանակ Սարգսյանը բռունցքով մեկ անգամ հարավածել է Ալավերդյանի ձախ աչքի շրջանին, իսկ վերջինս էլ ոտքերով մի քանի անգամ հարվածել է Սարգսյանի կոնքի շրջանին, ինչի համար այս քրեական գործի շրջանակներում Ալավերդյանը դատարանի վճռով պայմանական ազատազրկման է դատապարտվել:

Ալավերդյանի մասով վերաքննիչ բողոք չի բերվել և առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Ըստ դատավճռի` կոշիկներին քսված փրփուրի պատճառով զայրացել է նաև Փ. Շահնազարյանը և հայհոյել փրփուրը քսողի` Խ. Սարգսյանի մորը: Ու չնայած որ հայհոելու համար Խ. Սարգսյանը հարվածել է Փ. Շահնազարյանին, սակայն հայհոյանքի պատճառով առաջացած նրա վրդովմունքը չի հանդարտվել և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Փ. Շահնազարյանին կյանքից զրկելու ապօրինի դիտավորությամբ Խ. Սարգսյանը ինքնաձիգից  5 կրակոց է արձակել զուգարանից կացարան վերադարձող Շահնազարյանի ուղղությամբ: Կրակոցներից երեքը դիպել են Շահնազարյանին, և կրծքավանդակի ու կոնքի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից շարքային Փայլակ Շահնազարյանը տեղում մահացել է:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Խ. Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման` 13 տարի ժամկետով:

Խ. Սարգսյանի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը և բողոքի քննության ժամանակ բերված բոլոր միջնորդությունները ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ, այն գնահատել օրինավոր ու հիմնավոր դատական ակտ, իսկ սահմանված պատիժը` կատարած հանացավոր արարաքների համար` համաչափ: Պաշտպանական կողմը մտադիր է դիմել վճռաբեկ դատարան: