Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Բուդղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Այս մասին հայտնում է 168.am` հավելելով, որ դատարանը քննում է հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման դեմ Հայկ Ալումյանի բողոքը:
Այսօր դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանն ասաց, որ ներկայացված քանակով նյութերը բավարար չեն դեպքի վերաբերյալ սպառիչ եզրակացություն անելու համար: Փաստաբանն ասաց, որ ավելի ստորացուցիչ պայմանների մեջ արդարադատությունը հնարավոր չէ դնել: Հ. Ալումյանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է փոխել դեպքի պատկերը: Բուդաղյանների փաստաբանը միջնորդեց պարտադրել քննիչին դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը: «Այլ կերպ այս դատավարությունն ընթանալ չի կարող»,- ասաց Հայկ Ալումյանը: Դատավոր Լևոն Ավետիսյանը քննիչ Ալեքսան Ղազարյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում է քրեական գործը: Քննիչն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով դեռևս որոշ հանգամանքների ինքը պետք է իրավական գնահատական տա:
Դատավորը մասնակիցներից հետաքրքվեց՝ արդյոք նպատակահարմար չէ՞ Հայկ Ալումյանի երեք բողոքները միավորել մեկ դատավորի վարույթում: Հայկ Ալումյանը նշեց, որ դա առավել նպատակահարմար է, եթե դա կարգավորվելու է օրենքով, և եթե երեք բողոքները միասին քննող դատավորը որոշվելու է պատահական ընտրության կարգով: Քննիչ Ալեքսան Ղազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ դա օրենքի խախտում է:
Այնուամենայնիվ , քննիչ Ալեքսանյանն ասաց, որ իր համար կարևորն այն է, որ ապացուցվի, որ ինքը օրինական որոշումներ է կայացրել` ազատ արձակելով Տիգրան Խաչատրյանին, Զարզանդ Նիկողոսյանին և դադարեցնելով քրեական հետանդումը Ավետիք Բուդաղյանի նկատմամբ:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: