Ոստիկանության նախկին աշխատակից, պահեստազորի փոխգնդապետ, թոշակառու Մարտին Ծերունյանն արդեն 6 ամիս է` անհիմն գտնվում է կալանքի տակ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ-ին Մարտին Արմենակի Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչպես YerevanNews.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը, իր պաշտպանյալ առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք կատարելու մեջ է նա մեղադրվում: Քննչական մարմինների կողմից չի տրվել բացատրություն և պարզաբանում, թե ինչում է մեղադրվում Ծերունյանը և որն է նրա հանցանքը:

Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով ուղակի դիտավորությամբ կատարել է ապորինաբար Ռ.Մ.-ին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ: Ոչ մեղադրյալ ներգրավվելու որոշմամբ և ոչ էլ Մ. Ծերունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու և երկու անգամ երկարացնելու միջնորդություններում չի պարզաբանվել թե կոնկրետ ում հետ և ինչպիսի նախնական համաձայնություն է ձեռք բերել Մ. Ծերունյանը: Նշված դատավարական փաստաթղթերում խոսք չկա անգամ այն մասին թե Մ. Ծերունյանը ուղակի դիտավորությամբ ինչ գործողություններ է կատարել որոնք նախաքննական մարմնի կողմից գնահատվում են որպես սպանության նախապատրաստությանն ուղված:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ և բողոքներ եմ ներկայացրել ինչպես նախաքննական մարմին այնպես էլ դատախազություն և դատարաններ: Բոլոր դեպքերում ստացել եմ չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ: Այս ամիսների ընթացքում համոզված լինելով, որ իմ պաշտպանյալը իրեն մեղսագրված հանցավոր արարքի հետ որևէ կապ չունի սպասել ենք իրավապահ մարմինների կողմից խնդրի արդարացի լուծմանը, որը սակայն օր-օրի առավել անիրատեսական դառնալով հանգեցրել է հիասթափության, սպառել հավատը»,- նշված է ավելի վաղ YerevanNews.am-ում հրապարակված, Սամվել Ջաղինյանի ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանին ուղված բաց նամակում:

Բաց նամակում նաև նշվում է, որ «Արդեն վեց ամիս է Մ. Ծերունյանը կալանավորված է այդ ընթացքում նրա հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել»,-այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ջաղինյանը նշելով, որ գործով քննիչը իր պաշտպանյալին հանդիպել է ընդամենը երեք անգամ, որից երկուսը ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ծանոթացնելու իսկ մեկը` ինչ որ փորձաքննության եզարակացություն ծանոթացնելու նպատակով, այսպիսով խափանման միջոցը վերածվել է պատժի ինչը անթույլատրելի է: Իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել և երկու անգամ երկարացվել է առանց որևէ փաստական հիմքի:

Վերջինս նաև հավաստիացրեց, որ իր պաշտպանյալ Մ. Ծերունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մեղադրանք առաջադրելու հիմքեր առկա չեն, այդպիսի հանգամանքներ ոչ միայն ամրագրված չեն քրեական գործի նախաքննության ընթացքում կազմված այն դատավարական փաստաթղթերում, որոնք ներկայացվել են մեղադրյալ կողմին, այլ առհասարակ իրականության մեջ նման իրադարձություններ չեն զարգացել:

Թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ Մարտին Արմենակի Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյան նշեց, որ իրենք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ մեծ հույսեր են կապում հավատում են և համոզված են, որ արդար որոշում կկայացվի:

«Ակնկալում ենք, որ գլխավոր դատախազը կծանոթանա Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքի էությանը և երբ պարզ դառնա, որ Ծերունյանն որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն և անարդարացի մեղադրանք, այդ ժամանակ իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կվերացվի»,- նշեց Սամվել Ջաղինյանը պատրաստակամություն հայտնելով, որ առաջիկայում այս խնդրի շուրջ առավել մանրամասն հանգամանքներ կներկայացնի: