Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը բաց նամակով դիմում է նախագահ Սերժ Սարգսյանին` ներկայացնելով հերթական անօրինականությունները, որոնք իրականացվում են Արդարադատության աշխատակիցների կողմից Արտակ Հակոբյանի հանդեպ:
«Հարգելի պրն Նախագահ,
Հերթական անգամ դիմում ենք Ձեզ` հուսալով, որ Ձեր միջնորդությամբ վերջապես արդարությունը կհաստատվի:
Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ամուսնուս հետ միասին Արթիկ ՔԿՀ-ում վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նիստին ներկայացրել են Արմեն Թամարյանին, ով ընդհամենը երեկվա դրությամբ ուներ 2 տարի 7 ամիս չկրած պատժի ժամկետ և վերցված է որպես կոնֆլիկտայնության, ագրեսիվության հակում ունեցող:
Նշեմ, որ հոկտեմբերի 2-ին առանց ամուսնուս մասնակցության Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանն ու Ռոբերտ Պետոյանը անց էին կացրել դատական նիստը` պատճառաբանելով, թե ամուսինս տույժեր ունի:
Վերոնշյալ դատապարտյալ Արմեն Թամարյանն ունի 19 չմարված միտումնավոր խախտումներ, մարդ, ով անգամ եռման ձեթ է լցրել իր հարազատ երեխաների վրա, պատժաչափից 2 տարի 7 ամիս կրճատելով` նրան երեկ` երեկոյան մոտ, ամուսնուս գործով Մարալիկի դատավոր Աշոտ Մանուկյանի որոշմամբ` վաղաժամկետ պայմանագրային ազատ են արձակում: Մանուկյանը հենց այն նույն դատավորն է, ով մերժել էր ամուսնուս վաղաժամկետ ազատման հայցով դիմումը:
Սա բացատրվում է նրանով, որ դատապարտյալը Շիրակի մարզի բնակիչ է, և հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ունի ինքնավնասման և ագրեսիվության հակումներ:
Եվ սա անհերքելի ապացույցն է այն բանի, որ Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալներ Աղասի Խաչատրյանն ու Ռոբերտ Պետոյանը պատվեր են կատարում ամուսնուս նկատմամբ անօրինական վերաբերմունքի հարցում` ելնելով այն պարզ հանգամանքից, որ կաշառակերության համար համակարգից երկու բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել` 14 հազար ԱՄՆ դոլար և 760 հազար դրամի կահույք մեզանից կաշառք պահանջելու դիմաց:
Աղասի Խաչատրյանն ու Ռոբերտ Պետոյանը հայտնել են, որ եթե ամուսնուս ներկայացնեն վաղաժամկետ ազատման, Քրեակատարողական վարչությունից, Արդարադատության նախարարությունից և Ազգային անվտանգությունից իրենցից վրեժ կլուծեն և իրենց կպատժեն:
Հարգելի Նախագահ, արդեն ձևավորված հանցախմբին է միացել նաև դատավոր Աշոտ Մանուկյանը, ով խտրականություն է դնում դատապարտյալների միջև և կայացնում չհիմնավորված որոշումներ:
Հարգելի Նախագահ,
Հայցում ենք Ձեր օգնությունն ու մեծ հույս հայտնում, որ պատրաստակամություն կհայտնեք արդարություն հաստատել:
Հարգանքներով` Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կին` Կարինե Հակոբյան