Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարության 2012թ. և 2013թ. անցած ինն ամիսն ընկած ժամանակահատվածում գործունեության արդյունքները: Նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է նույն ժամանակահատվածում երկաթուղու գործունեությունը, նախարարի տեղակալներ Արտաշես Ավետիսյանն ու Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրել են համապատասխանաբար ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու կապի և հեռահաղորդակցության ոլորտում վերոնշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը, իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը զեկուցել է աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշները։ Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խնդիրներն ու զարգացումները 2012թ. և 2013թ. անցած ինն ամսվա դրությամբ: Այն զեկուցել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:
Զեկուցված թեմաների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել պատասխանատուներին և բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել: Խոսելով ճանապարհաշինության և այլ ծրագրերի համար հատկացված միջոցների մասին՝ Նախագահն ընդգծել է դրանց օգտագործման և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Ճանապարհների պահպանումը, օրինակ, Նախագահի խոսքով, չպետք է ենթադրի միայն դրանք ձյունից մաքրելը: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք իրականացնելու պարագայում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհները կարելի է դարձնել շատ ավելի երկարակյաց:
Խորհրդակցության ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նախարարություններ իր այցերը նպատակ են հետապնդում անմիջականորեն տեղում ծանոթանալու խնդիրներին, պատասխանատուների հետ դրանք քննարկելուց հետո՝ լուծումներ տալու, որոնք պետական կառավարման այդ մարմիններին կօգնեն իրենց աշխատանքների կազմակերպման, ծրագրերի իրականացման գործում բարձրացնել արդյունավետությունը: Հանրապետության Նախագահն արդյունավետ աշխատելու կարևոր նախապայման է համարել հատկապես մարդկային ռեսուրսի՝ կադրերի ընտրությունն ու նրանց հետ իրականացվող աշխատանքը: «Եթե մենք չկարողացանք ունակ երիտասարդ կադրեր ներգրավել մեր աշխատանքում, ոչինչ չի ստացվելու: Մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք: Յուրաքանչյուր ղեկավարի պարտականությունն է զբաղվել խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց աշխատանքում ներգրավելու գործով: Եվ այդ մարդկանց նկատմամբ մենք պետք է լինենք շատ ուշադիր: Միայն սոցիալական խնդիրներ լուծելով, այսինքն` աշխատավարձ բարձրացնելով, խրախուսելով, մենք չենք կարողանալու նրանց պահել: Մարդիկ հավելյալ ուշադրության կարիք ունեն, սրտացավ խոսքի, իրենց աշխատանքը գնահատելու կարիք ունեն: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ավագ սերնդի փորձը՝ այն համադրելով երիտասարդների եռանդի հետ»,-ընդգծել է Նախագահը:
Տրանսպորտի և կապի նախարարությունում ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն ավարտել է նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ. երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանին, տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանին, փոստի վարչության պետի տեղակալ Ծովինար Գալստյանին, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Վերդյանին Նախագահը պարգևատրել է շնորհակալագրերով: