Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արտուշ Հակոբյանի և մյուսների դատական գործը, չգիտես` ինչու, շատերի թեթև ձեռքով սկսվեց անվանվել «բանդայի գործ»: Նա հայտարարեց, որ որևէ մեկն իրավունք չունի դա այդպես անվանել, քանի դեռ դատարանը չի ապացուցել, որ այն իսկապես բանդա է:

«Ոչ ոք իրավունք չունի նրանց բանդայի անդամներ անվանել, կամ բանդիտներ կամ էլ ավազակախումբ»,- ասաց քրեագետը:

Նա հայտնեց, որ թեև այս գործով կա մեղադրանք և 5 մեղադրյալ, սակայն չկա որևէ ապացույց, որը կփաստի նրանց մեղավոր լինելը:

«Ես չեմ հավատում, որ այս մարդիկ են եղել թալանների հեղինակները: Ասում են Արտյուշա Հակոբյանն է բանդայի ղեկավարը և ձերբակալում են նաև նրան, չնայած նրան, որ ստուգվել են նրա հեռախոսազանգերը եւ տեսել են, որ ձերբակալվածներից ոչ ոքի հետ կապ չի ունեցել: Մեղադրանքներն ուղղակի հայտարարություններ են, ոչ ոք կոնկրետ բան չի ասում»,- հավելեց Գալոյանը` դիտարկելով, որ Հակոբյանը տեղյակ է եղել ձերբակալությունների մասին, եթե ինքն էլ մեղավոր լիներ, կթողներ- կգնար Ֆիլիպիններ:

«Նա Սուրիկ Հակոբյանի որդին է և չի արել նման բան: Գնացել է ռեստորան ու այնտեղ ձերբակալվել: Ավելին` մինչեւ հիմա մի օդիլկոլոն են հայտնաբերվել, իսկ  տուժողներից մեկը ասել է, որ իրենց տանն էլ կա դրանից»,- նշեց Սերգեյ Գալոյանը:

Քրեագետի համոզմամբ` եթե պրոֆեսիոնալիզմի պակաս կա, ապա պետք է ցրել քննչական խումբը եւ նոր խումբ հավաքել կամ էլ ազատ արձակել նրանց:

Սերգեյ Գալոյանը ասաց, որ այս գործով զբաղվելուց առաջ իրեն նախ հետաքրքրել է այն հայտարարությունը, որ տուժող Նապոլեոն Ազիզյանի բնակարանից տարել են վեց թանկարժեք նկարներ, սակայն տուժողներն իրենց ցուցմունքում չեն նշել, թե ինչ եւ ում նկարն է:
«Հիմա դատարանում գործը գնում է այնպես, որ գողացվել են թանկարժեք նկարներ, սակայն հետո պարզվում է, որ Ազիզյանի ադեի նկարներն իր համար թանկ են»,- հավելեց Գալոյանը: