Aravot.am-ից տեղեկանում ենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն աշխատանքային օրվա ավարտից հինգ րոպե առաջ հրապարակեց ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու`բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանի դատավճռի եզրափակիչ մասը:Վաղարշակ Աբաջյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որդին` տասնվեց տարվա ազատազրկման: Դատավորը դեռ չէր ավարտել հրապարակումը, երբ Վ.Աբաջյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ մեղադրանքը պաշտպանած դատախազին` Ա.Հակոբյանին: Նա հեռացվեց նիստերի դահլիճից, իսկ այդ ընթացքում ուշագնաց եղավ նրա կինը: Աբաջյանները մեղադրվում են ամուսիններ, «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին, նրա ամուսնուն` Յուրի Սրապյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, խարդախության համար: Վաղարշակ Աբաջյանը համակարգչային շարվածքով, երեսունվեց էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ, ասելով, որ իրականում տուժողն ինքն է, որ Ալվարդն իր անունից գումարներ է վերցրել տարբեր անձանցից, էժան գներով բնակարաններ գնելու համար: Նա ասաց, որ Յուրայի հրելու, անզգույշ մահ պատճառելու, հետո դիակը թաքցնելու դրվագն ընդունում է, բայց Ալվարդի սպանությունն իրենք չեն արել, եւ որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ոստիկանների խոշտանգումների արդյունքում: Ի դեպ, խոշտանգումների գործով իրենց դիմումը մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Հանգուցյալ Ա.Աբրահամյանի մարմնում փորձագետները հայտնաբերել են սեռական բռնարարքն ապացուցող հետքեր:Ստուգվել են հայր եւ որդին, նրանց արյան մեջ այլ հետքեր առկա չեն եղել: Ըստ ամբաստանյալի, նախաքննության մարմինը չի պատասխանել.հետմահո՞ւ են բռնաբարել Ա.Աբրահամյանին, թե՞ սպանությունը կատարվել է այլ շարժառիթներով: Ամբաստանյալն ասաց, որ իրենք մինչեւ Եվրոպա դիմելու են`խոշտանգումներով հարուցված քրեական այս գործի համար:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: