ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշիում։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նա ուրիշ մեծահարուստների էլ է քարոզում եւ համոզում, որ Շուշիում տուն կառուցեն, որպեսզի տեղացիներին ցույց տան, թե իրենք ինչքան կապված են Շուշիին եւ Արցախին առհասարակ։ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ժամանակի» հետ զրույցում երեկ հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ եթե նրան հետեւեն մի շարք գործարարներ, իրենք կխրախուսեն եւ կնպաստեն, որ ՀՀ-ում բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են ԼՂՀ-ում առանձնատուն ունենալ, ունենան։

Ըստ Աղաբեկյանի՝ դա իրենց ձեռնտու է այնքանով, որ առանձնատունը կառուցվում է ԼՂՀ-ում, դրա վրա աշխատողները ԼՂՀ բնակիչներ են, հետո այդ առանձնատները գույքահարկ կվճարեն, ապա երբ այդ գործարարը գա հանգստանալու, կօգտվի, ասենք հոսանքից եւ սպառման այլ ապրանքներից...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):