Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք եւ որոշումն ընդունվել է օրենքների խախտումով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Նախաձեռնության հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների հետ եւ, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երեւանի բակերը՝ հակառակվելով երեւանցիների կամքին եւ բարձրահարկեր խցկելով այնտեղ։

Ըստ էության, Երեւանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է օրինականություն հաստատել եւ պաշտպանել միայն այն բակերը, որտեղ բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել եւ սեփական գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը (2012), Սուրենյանց այգին (2013) եւ բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։

Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք եւ որոշումն ընդունվել է օրենքների խախտումով։

Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր կանգնելն է։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն օրինականություն։

Յուրաքանչյուր շենքում եւ բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երեւանցիների առաջ եւ փոխում են կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը»: