Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի վաղը կայանալիք «Բորուսիա» - «Արսենալ» խաղին ընդառաջ, YerevanNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան և անցած ուղին:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ.-ի հունվարի 21-ին: Նա իր ֆուտբոլային կարիեարան սկսել է 2006-ին Երևանի «Փյունիկում»։ «Փյունիկում» նա անցկացրել է երեք ու կես տարի՝ խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ։ Այդ ժամանակաընթացքում նա 3 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանացել Հայաստանի Անկախության Գավաթին, և 2 անգամ՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին։ "Փյունիկ"-ում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին (2009):

2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ, իսկ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստացավ 7.5 մլն դոլար։ Նշենք, որ նա ճանաչվել է Ուկրաինայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ, Ուկրաինայի պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու:
Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Պանամայի հետ ընկերական խաղի ժամանակ։ Բացի 2009թ.-ին Հենրիխը լավագույն ֆուտբոլիստ տիտղոսին է արժանացել նաև 2010 և 2011 թվականներին:

2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռքբերումը:

Հաջող սկսելով իր կարիերան Բորուսիայում, Մխիթարյանն ունի իր հիմնական տեղը Բորուսիայի կազմում և գրեթե միշտ խաղադաշտ է ելնում մեկնարկային կազմում: