Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավքը Աշտարակ քաղաքում: Վերջինս իր ելույթում նշեց, որ այս հաղթանակը պատկանում է ժողովրդին, ոչ թե իրեն:

Րաֆֆի Հովհաննիսյանն աշտարակցիներին ասաց, որ իր հետագա գործողություններում չի լինելու ոչ մի հակասահմանադրական և անօրինական քայլ:

«Դիմացի շենքում քաղաքապետարանն է, նրանք մեր հպարտությունն են, բայց թող չհանդգնեն Հայաստանի քաղաքացու վրա ձեռք բարձրացնեն: Ղեկավար ես, մենք ձեր շահը կպաշտպանենք, բայց դուք է լ ձեր գործառույթի մեջ եղեք»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ուղղելով Աշտարակի քաղաքապետարանին:

Վերջինս նշեց, որ մտել է քաղաքապետարան և քաղաքապետին շնորհավորել է:

«Շնորհավորեցի քաղաքապետին և ոնց որ ընդունեց ժողովրդի հաղթանակը»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ողջունելով Շիրակի մարզպետի քայլը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Աշոտ Գիզիրյանից առաջ պետք է ուրիշ մարդիկ հրաժարական տային:

«Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տար, նրա համար որ մարզպետը չպետք է հրահանգ իջեցնի, կամ վախի մթնոլորտ ստեղծի»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը :

Վերջում էլ հավելեց, որ որքան շուտ Սերժ Սարգսյանը հանգուցալուծում տա այս ամենին, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար:

Նշենք, որ Աշտարակ քաղաքում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել էր մոտավորապես 5000 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը`3700: