ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերով, երեկվա դեպքերի մասին շատ բան ասելու չկա, քանի որ ամեն ինչ նկարված է, և ցանկության դեպքում կարող ենք ինքներս դառնալ այդ ամենի ականատեսը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով երեկվա դեպքերին, նման տեսակետ արտահայտեց խմբակցության ղեկավարը:

«Երկիրն այս ռեժիմը հասցրել է այնպիսի անելանելի վիճակի, որ շատերը այլ ելք չեն տեսնում և գնում են ծայրահեղական միջոցների՝ երկիրրը նման իրավիճակից դուրս բերելու համար», - նշեց նա:

Նրա խոսքերով, առաջին հերթին հենց պետք է մեղադրել ռեժիմին և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:
«Եվ պարզ է կլինեն մարդիկ, որոնք տեսնելով, որ օրինական ճանապարհով այլ ելք չկա, դիմում են ծայրահեղ քայլերի: Զարմանալու բան չկա: Այն ռեժիմի դեմ պայքարի նորմալ ձև է», - նշեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, թե ընդդիմությունը պասիվ է, և քայլեր չի ձեռնարկում, պատգամավորը նշեց, որ իրենք երևի մենք վատ են սովորեցրել մարդկանց, թե իրենց հավաքները միշտ պետք է բազմամարդ լինեն :

«Ես կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք, հավաքներ լինելու են, և ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր նշել իր վերջին հայտարարության մեջ, Սերժ Սարգսյանն այլևս քայլ չունի», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Ցեղակրոն» շարժման ղեկավար Շանթ Հարությունյանը իր աջակիցների հետ բախվել էին ոստիկանության հետ, բերման էին ենթարկել 37 մարդու, իսկ հիվանդանոց էին տեղափոխվել 8 ոստիկան: