Այն, որ Անի Զախարյանին անվանում են անառողջ լիրբ, մադամ քնքուշ և այլն, իրեն չի հուզում: Զախարյանի փոխանցմամբ` իրեն այդպես կոչող Ստամբոլցյանը, ընդդեմ գենդերային հավասարության երթի ժամանակ իրեն շատ ջերմ է դիմավորել:
«Անի Զախարյան անձի բարոյական նկարագիրն այնքան բարձր է, որ նա ամեն տեղ էլ կարող է բաց ճակատով մտնել: Ես չեմ պատրաստվում հավասարվել ինչ որ էժանագին սովորույթների»,- ասաց Զախարյանը` հավելելով, որ ինքը չի շոյվում նմանատիպ որակումներից և ևս մեկ անգամ հաստատեց իր այն կոչերը, թե հայ կինը պետք է 26-ից հետո զբաղվի նորմալ ապրելակերպով իր սիրած տղամարդու հետ:
«Բնությունից տրված իրավունք է, որ յուրաքանչյուրն ունենա իր անձնական կյանքը, և ոչ ոք իրավունք չունի ներխուժելու այնտեղ: Եվ ընդհանրապես, եթե ընտանիքի անդամներն արդեն չեն կարողանում միասին ապրել, բաժանվելը ճիշտ է, և հայ կինը չպետք է զոհաբերի իրեն»,- ասաց Զախարյանը:
Ներկայացնելով իրենց կուսակցության ծրագրերը` Զախարյանն առաջարկեց երկրում ունենալ սեփական արդյունաբերություն` հայկական անվանումներով:
«Օրինակ` կտորի արտադրանքը կունենա Մետաքս բրենդային անվանումը, ինչու ենք միշտ օտար բառեր օգտագործում, եթե կա գեղեցիկ հայկական անվանում: Կամ վարագույրներինը` Շամիրամ, իսկ կանացի կոշիկները` Ալեքսանդրա, տղամարդունը` Ալեքսանդր»,- առաջարկեց Զախարյանը: