Շանթ Հարությունյանի գաղափարախոսությունները ՀՆՔՄԿ ղեկավար Անի Զախարյանին հոգեհարազատ են: Այս մասին այօսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Անի Զախարյանը` հավելելով, որ ուրախ է, որ ևս մի ազատատենչ մարդ է կանգնել ոտքի:

«Ես ողջունում եմ այդ քայլը, սակայն իր սեփական ձեռքերով Շանթը վիժեցրեց: Ի՞նչ հեղափոխություն, հեղափոխության համար հակաօրինական քայլեր չեն արվում: Հեղափոխություն կատարողը պետք է ամեն բանի պատրաստ լինի»,- իր խոսքում նշեց Զախարյանը:
Անի Զախարյանի գնահատմամբ` Հայաստանի պաշտոնյաները դառնում են 0:
«Ում են պետք այդ պաշտոնյաները, որ փողկապ են կապում, գիտեն, թե պաշտոնյա են: Ղարաբաղը վաճառելով` նրանք իրենց են վաճառում և դառնում են 0»,- իր կարծիքը հայտնեց Անի Զախարյանը:

Անդրադառնալով այն լուրերին, թե Զախարյանը աղանդավորական շարժման հետևորդ է, Զախարյանը հերքեց:

«Ես իմացա, որ 4-օրյա ծրագիր է լինելու` ինչպես լավ ապրել, և որոշեցի գնալ-մասնակցել, մանավանդ, որ երիտասարդական է: Այնտեղ ինչ-որ ռոք-համերգ էր` Աստծո մասին երգերով, ասեցի մնամ լսեմ»,- պարզաբանեց Զախարյանը: Լրագրողի այն հարցին, արդյոք դրանից հետո Զախարյանը հոգու լուսավորություն ստացավ, նա պատասխանեց. «Ես այնքան լուսավոր եմ, որ կարող եմ իմ լույսով կողքիններիս էլ լուսավորել»:

Նա նաև հայտնեց, որ քաղաքականություն մտնելով` իր կյանքն ու գործելակերպը չի փոխվի:

«Ես գնալու եմ այնտեղ, որտեղ միշտ գնացել և հաճախել եմ: Մնալու եմ նույն մարդը, նույն Անի Զախարյանը: Դուք ինձ կընդունե՞ք ուրիշ ձևով»,- ասաց Զախարյանը ` հավելելով, որ առաջիկայում պլանավորել է ամուսնանալ:

Նա նաև հայտնեց, որ իրեն համարում է գայթակղիչ, բայց դա միայն իր տղամարդու համար է:
Վերջում Զախարյանը հայտարարեց, որ եթե որևէ այլ կուսակցություններ կցանկանան համագործակցել, իրեն գտնելը դժվար չէ:

«Ես իմ տեղն ու արժեքը լավ գիտեմ: Բոլոր քաղաքական գործիչներն էլ լավ գիտեն իմ տեղը, իսկ համարս գտնելը դժվար չէ համագործակցության համար»,- եզրափակեց Զախարյանը: