Շանթ Հարությունյանը դեռ  փաստաբան չունի, բնավորությանը ծանոթ լինելով` կարող եմ ասել՝ չի էլ ունենալու: Henaran.am-ի հետ զրույցում ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան  Բադալյանը:Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանների միջև.կան ձերբակալվածներ, այդ թվում Շանթը:  Ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի կնոջ հետ Henaran.am-ի հարցազրույցը: 

-Ռուզան, ինչ ես կարծում, Շանթի երեկվա պահվածքը զգացմունքային էր, պահի տակ ընդունած որոշո՞ւմ էր: 

-Ասեմ, որ մենք մոտ երկու տարի է , ինչ ամուսնալուծված ենք: Մեր ամուսնությունը փաստացի բնույթ էր կրում, ԶԱԳՍ չէինք մտել: Բայց չի փոխվել իմ  վերաբերմունքը նրա նկատմամբ ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ որպես  մեծ գաղափարների կրող: Մարտի 1-ի դեպքերից հետո նա վստահ էր, որ Հայաստանում ոչինչ հնարավոր չի փոխել, բայց դեռ հավատում էր: Չուներ մտադրություն իշխանությունը զավթելու, ուղղակի ուզում էր փոխել մի բան: Նրա կյանքի իմաստը երկիրը նորմալ երկիր դարձնելն էր:Տեսնելով որ մարդիկ  ընդդիմություններ են խաղում, ժողովրդին հավաքում են, ծեծկռտուք սարքում, թողնում միայնակ, և նման շատ բաներով հիասթափեցնում ժողովրդին` ինքը որոշեց դա անել: Գտնելով, որ ընտրություններով հնարավոր չէ փոխել իշխանությունը, նա որոշեց հեղափոխություն անել... 

-Բայց բռնությա՞մբ... 

-Կներեք, վերջացնեմ խոսքս:  Շանթը բռնկուն է, միգուցե  բորբոքված է խոսում, բայց էն գաղափարները, որ Շանթն է կրում, մեր ժողովրդի 5 տոկոսը ունենար, հաստատ էս երկրում մի բան կփոխվեր: Եթե մի երկրում ասում են գիժ է էն մարդը, որ կրում է ազատության, արդարության, հավասարության, եղբայրության արժեքները իր մեջ և փորձում է սերմանել ժողովորդին, ապա կներեք, էդ ժողովրդի 95 տոկոսն է գիժ, ոչ թե ինքը: Ժողովուրդը ադեկվատ չի իրավիճակին: Եթե մարդը էս երկրում իրեն նորմալ է զգում, ուրեմն ինքն է աննորմալ, ոչ թե Շանթը: 

-Բայց, փաստորեն, երեկ ինքը հրահրեց չէ՞... 

-Ես այնտեղ չեմ եղել, քիչ եմ ժամանակ ունեցել հետւելու հրապարակումներին, բայց Ազատության հրապարակում նստացույց անելուց անընդհատ ասում էր, որ մասսաներին հավաքելու է և խաղաղ ճանապարհով է հասնելու իշխանափոխություն: Բայց հայտարարում էր, եթե իշխանությունը բռնություն կիրառի, ինքն էլ է անելու: Ես էնտեղ չեմ եղել, տղաս է պատմել, ոստիկանները փորձել են մոտենալ ցրել երթը, որը դեռ չէր սկսել: Համաձայնության եկան Օսիպյանի /Երևանի փոխոստիկանապետ-հեղ./, հետ,  որ երթը խաղաղ է լինելու, բայց սադրանքների ենթարկեցին, գիտեք դա ոնց է լինում: Մի բան ասեմ, հնարավոր չէ, որ մարդը մի տղա ունենանա և կրակի բույնը տանի: Ինչքան էլ Շանթը խենթ լինի, 14 տարեկան տղային չէր տանի այդտեղ: Շանթի խենթությունը նորմալ է, նա  առողջ դատողություն ունի: Որդիս էլ է բազմաթիվ հարվածներ ստացել, եթե Շանթը իմանար ընդհարում է լինելու, որդուն տուն կուղարկեր: Շանթին ճանաչելով՝ վստահ եմ, նա բռնության կոչ չէր անի: Մի՞գուցե ժողովրդի մեջ վախը կոտրելու համար ասեց, գո՞ւցե նաև ասաց` ապացուցելու, որ իր շարժումը հզոր է: Չէ որ ժողովուրդը վախեցած է: Ես համաձայն չեմ այն ամենի հետ, որ վերագրում են Շանթին: 

-Ռուզան, իսկ չէիք փորձո՞ւմ  արգելել Ձեր որդուն Ազատության հարապարակ գնալ:

- Ես չէի ուզում, ճիշտն ասած, բայց նա ներշնչված է  հոր գաղափարներով:  Մեկ-երկու ժամով էր գնում, դասերից հետո: Հայրը  երեկ ասել էր, որ վերջին օրն է, երթին մասնակցի և հետո պիտի այլևս չգնար: Բայց տեսաք ինչ եղավ: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Henaran.am-ում:

XXXXXXXXXXXXX