Այսուհետ ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի փոստային և սուրհանդակային ծառայությունների միջոցով կատարվող ապրանքների ներմուծումը:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվեց պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարությունը, որի ուղղղությունները բխում են Մաքսային միության անդամակցության շրջանակներում եկող սկզբունքներից:
ՊԵԿ նախագահի տեղակալ.Վախթանգ Միրումյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ միջոցառումը հնարավորություն է տալու ներդնելու նվազագույն ընթացակարգ, որպեսզի փոստային և սուրհանդակային տարբերակով առևտուր կատարարող քաղաքացիները կարողանան պարզեցված ընթացակարգով կատարել մաքսազերծումը:

«Նախատեսվում է փոստային բաժանմունքներում ունենալ ներկայացուցիչներ, ովքեր իրականացնելու են մաքսային գործառույթ: Երբ ապրանքը գալիս է փոստային բաժանմունք, այնտեղ էլ իրականացվելու է մաքսազերծում. այսինքն` քաղաքացին ստիպված չի լինելու գնալ համապատասխան փոստային առաքումների համար նախատեսված մասնագիտացված մաքսատուն և այնտեղ կատարել մաքսազերծումը: Փոստային բաժանմունքում մաքսազերծումը կատարվելու է պարզեցված համակարգով»,- ասաց Միրումյանը:

Նրա խոսքերով, բացի այդ, պետք է վերանայվի ժամկետային մասով ֆիզիկական անձանց համար նախատեսված սուրհանդակային և փոստային տարբերակով ապրանքների ներմուծումը. այսինքն` 183 օրվա սահմանափակումը, համաձայն որի ֆիզիկական անձը չի կարող ներմուծել 50 կգ–ն գերազանցող ապրանքներ:

Պարզեցումն ու ազատականացումը կատարվելու է նաև ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ ներմուծումների դեպքում: